Այս տարվա ընթացքում միայն Լոռիի մարզում արդեն երկրորդ հրատապ կապիտալ նորոգման ծրագիրն է իրականացվում` 1,3 մլրդ դրամ գումարի չափով: Այս գումարներն ուղղված են միայն բնակարանաշինության ու մարզի անօթեւանների խնդիրների լուծմանը:
Վերջին 3 ամիսների ընթացքում, երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակներում, Սպիտակի տարածաշրջանի գյուղական համայնքներում շահագործման է հանձնվել 43 բնակելի տուն:
Լոռիի մարզպետարանի տրամադրած տվյալների համաձայն, բնակարանաշինության ծրագրի հիմնախնդիր է այժմ մեկ սենյակի պահանջարկ ունեցող շահառուների հարցը: Թեպետ կառավարության կողմից ու ՀՀ բյուջեից ամեն տարի մեծ թվով ներդրումներ ու ֆինանսական հատկացումներ են կատարվում` Լոռիում ու Շիրակում անօթեւաններին բնակարաններով ապահովելու համար, սակայն Լոռիի մարզի միայն գյուղական բնակավայրերում այդպիսի դեռ 400 ընտանիքներ կան, որոնցից միայն 85-ը Սպիտակում են: Այս ցուցանիշը գրանցված անօթեւանների տվյալներն են, ու անհայտ է, թե դեռ քանի բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներ կան` մարզպետարանի հաշվառման ցուցակներից դուրս, ովքեր սպասում են, թե երբ կավարտվեն պետական բնակարանային հատկացումներն ու հերթը գուցե հասնի իրենց նաեւ:




























