Թուրքիայի դրոշի ներքո նավարկող չորաբեռ նավը, որի վրա վեց նավաստիներ կային, խորտակվել է։ Նրանց փնտրում են, տեղեկացրել է Բուրսայի (այստեղ է տեղի ունեցել միջադեպը) նահանգապետ Մահմութ Դեմիրթաշը։
«69 մետրանոց Batuhan նավի վրա վեց մարդ կար, նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են։ Սկսվել են նրանց որոնման եւ փրկարարական աշխատանքները»,-ասել է նա TRT Haber հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ պատահարի մասին ազդանշանը ստացվել է առավոտյան, տեղի ժամանակով ժամը 06.20-ին։ Ուղարկվել են երեք փրկարար նավակ եւ ուղղաթիռ։ Նավաստիների որոնմանը խանգարում են ուժեղ ալիքները։
Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ SOS ազդանշանն ստացվել է Իմրալի կղզուց հյուսիս-արեւմուտք։ «Պատահարի շրջանը հայտարարվել է «վտանգավոր գոտի»։ Որոնումները շարունակվում են։ Ուղղաթիռը չի կարողացել թռչել վատ եղանակի պատճառով»,- նշվել է նախարարության հաղորդագրությունում։
Չորաբեռ նավը ծով է դուրս եկել նախօրեի երեկոյան, ժամը 20.00-ին։ Այժմ Մարմարա ծովում փոթորիկ է, ալիքները հասնում են 3 մետրի։





























