Գերմանիան տնտեսության ծավալով առաջ է անցել Ճապոնիայից, որը մինչ այժմ զբաղեցնում էր երրորդ տեղն աշխարհում ՀՆԱ մակարդակով։ Այս մասին հինգշաբթի գիշեր տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ճապոնիայի կառավարությանը։
Ճապոնիայի ՀՆԱ-ն 2023թ. հասել է 4,2 մլրդ դոլարի, աճը՝ 1,9 տոկոս։ Գերմանիայի տնտեսության ծավալը 2023թ. հավասար է եղել 4,5 մլրդ դոլարի։
Անցած տարվա չորրորդ եռամսյակում Ճապոնիայի ՀՆԱ-ն կրճատվել է 0,1 տոկոսով, երկիրը հիմմնականում տուժել է ազգային արժույթի՝ իենի փոխարժեքի անկման պատճառով։ Credit Agricole բանկային խմբի տնտեսագետ Տակուձի Աիդայի կարծիքով՝ Ճապոնիայում գոյություն ունի ռիսկ, որ 2024թ. առաջին եռամսյակում երկրի տնտեսության ծավալը նորից կիջնի գլոբալ աճի դանդաղման, թույլ ներքին պահանջարկի եւ երկրաշարժերի պատճառով։
Գերմանիան եւս պայքարում է կոնյունկտուրային խնդիրների դեմ։ 2023թ. նրա տնտեսության ծավալը կրճատվել է 0,3 տոկոսով։ Ընթացիկ տարում փորձագետները կանխատեսում են համեստ աճ 1 տոկոսից ցածր մակարդակում։
Գերմանիայի՝ որպես արտահանող երկրի վրա բացասաբար են անդրադառում աշխարհաքաղաքական ճգնաժամերը՝ պատերազմն Ուկրաինայում եւ հակամարտության սրումը Մերձավոր Արեւելքում։ Բացի այդ, գերմանական տնտեսությունը տառապում է էներգակիրների գների թանկացման հետեւանքով։
Հունվարի վերջին ifo Տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտի փորձագետների կանխատեսմամբ՝ Գերմանիայի ՀՆԱ-ն ընթացիկ տարվա արդյունքներով, կավելանա 0,7 տոկոսով։ Համեմատության համար. 2023թ. դեկտեմբերի վերջին այստեղ ակնկալվում էր գերմանական տնտեսության 0,9 տոկոսանոց աճ։





























