Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադային (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է վերջին տարիներին նոր թափ ստացած Ճապոնիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը` հույս հայտնելով, որ նոր դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա երկու երկրների միջեւ ձեւավորված համագործակցության ամրապնդման գործում:

«Անցյալ տարի Տոկիոյում ՀՀ դեսպանության հիմնումը վկայում է Ճապոնիայի հետ համակողմանի համագործակցության զարգացմանը մեր կողմից տրվող կարեւորության մասին»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

Ճապոնիայի դեսպանն իր երկրի կառավարության անունից  երախտագիտություն է հայտնել մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների եւ բնական աղետի հետեւանքների վերացման համար ցուցաբերած օժանդակության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության խթանման եւ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսության զարգացմանը Ճապոնիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: