Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում, այսօր` նոյեմբերի 7-ին, տեղի է ունեցել առաջին ուղիղ հեռուստակոնֆերանսը Հայաստանի ու Ճապոնիայի միջեւ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հեռուստակոնֆերանսի նպատակն էր քննարկել ԱԻՆ-ի եւ Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության ու հրդեհաշիջման վարչության միջեւ համագործակցության ուղղությունները` մասնավորապես Ճապոնիայում հայ մասնագետների վերապատրաստումն ու Հայաստանում վարժահրապարակի կառուցումը:

Կոնֆերանսին մասնակցելու համար Երեւան էր ժամանել Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության տարածաշրջանային համակարգող Էջիրի Յուկիհիկոն։ Կոնֆերանսից առաջ նա հանդիպել է Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանին:

Շուրջ 1,5 ժամ տեւած հեռուստակոնֆերանսի ընթացքում ճապոնացիները ներկայացրել են մասնագետների պատրաստման իրենց փորձը, իսկ ՀՓԾ ներկայացուցիչները` իրենց սպասելիքներն ու կարիքները:

Եռամյա համագործակցության շրջանակներում նախատեսվում է տարին մեկ Ճապոնիայում կազմակերպել դասախոսների, հրահանգիչների ու հրշեջ-փրկարարական ջոկատների պահակախմբի պետ սպաների դասընթացներ, որից հետո նրանք կարող են հրահանգավորել իրենց անձնակազմին:

Այդ նպատակով Հայաստանում կառուցվելու է համապատասխան սարքավորումներով ու այլ պարագաներով կահավորված վարժահրապարակ, որի համար արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն 5-6 հա մակերեսով տարածք է հատկացրել: Վարժահրապարակը դեռեւս նախագծման փուլում է. դրա վերաբերյալ ճապոնացիների մասնագետները նույնպես կանեն առաջարկություններ, որոնք կօգնեն այն առավելագույնս համապատասխանեցնել ուսումնական ծրագրերին:

Ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու համար Ճապոնիայում վերապատրաստված մասնագետները հնարավորություն կունենան տեսական գիտելիքներն ամրապնդել այնտեղ անցկացվող ուսումնավարժությունների միջոցով:

Հրշեջ-փրկարարական ջոկատների պահակախմբի պետերի առաջին դասընթացը Ճապոնիայում կանցկացվի 2012 թ. փետրվարին, իսկ մինչ այդ հայկական կողմը ճապոնացիներին կներկայացնի վարժահրապարակի նախագիծը, որպեսզի վերապատրաստված մասնագետների` հայրենիք վերադառնալուց հետո ուսումնական գործընթացը չընդհատվի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունենա մասնագետների պատրաստման առավել որակյալ, արդյունավետ ու կայուն համակարգ: