«Հարավկովկասյան  երկաթուղի»  ՓԲԸ-ին  երկաթուղով ուղեւորափոխադրումներից առաջացած  վնասի  փոխհատուցման  նպատակով  նախատեսվում  է  2012թ.  վճարել  155  մլն դրամի  սուբսիդիա:  Այդ մասին, այսօր` նոյեմբերի 8-ին, Ազգային Ժողովում, մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Սուբսիդիայի  գումարը  ՀՀ  2011թ.  պետական  բյուջեի  համեմատությամբ նվազել է 12 մլն դրամով` Կոնցեսիոն պայմանագրի դրույթներին համապատասխան: 

Պատգամավորներին հետաքրքրեց, թե ի՞նչ հիմունքներով է երկաթուղին բյուջեից սուբսիդիա ստանում: Նախարարի պարզաբանմամբ` սուբսիդիան տրվում է բացառապես ներհանրապետական ուղեւորափոխադրումների համար: «Երեւան-Բաթում գծին դա չի վերաբերում, որովհետեւ դա կոմերցիոն ծրագիր է»,-վստահեցրեց Մ. Վարդանյանը: Նրա ներկայացմամբ` սուբսիդիայի շնորհիվ «Հարավկովկասյան երկաթուղին» չի բարձրացնում ուղեւորափոխադրումների գները:

«Եթե սուբսիդիան հանում ենք, ուրեմն իրենք են սահմանում սակագները: Բայց մենք պատրա՞ստ ենք, եթե դա բարձր լինի»,-հռետորական հարց ուղղեց տրանսպորտի եւ կապի նախարարը: