Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` նոյեմբերի 8-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Նշելով, որ Հայաստանը կարեւորում է հայ-ճապոնական հարաբերությունների համակողմանի զարգացումն ու խորացումը, Նախագահը գոհունակությամբ է արձանագրել հատկապես վերջին տարիներին քաղաքական շփումներում նկատելի որոշակի աշխուժությունը, արտաքին գերատեսչությունների միջեւ կանոնավոր բնույթ ստացած քաղաքական խորհրդատվությունները: 

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ տարբեր ոլորտներում առկա համագործակցության լուրջ ներուժը լիարժեքորեն կօգտագործվի դեսպան Տիկահիտո Հարադայի պաշտոնավարման ընթացքում` նպաստելով երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության առավել ամրապնդմանը:

Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադան շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին` շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար եւ վստահեցրել, որ կանի հնարավորը երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:  Նա նշել է, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որը եւս լավ առիթ է մշակութային բազմաբնույթ միջոցառումների անցկացման, տնտեսական ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման ու իրագործման համար: