Մոսկվայի տան ցուցասրահում, նոյեմբերի 7-ին, տեղի է ունեցել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանի ARTSAKH: the people and land of KARABAKH («Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը») անգլերեն գրքի շնորհանդեսը եւ գրքում ներկայացված հեղինակային լուսանկարների ընտրանու ցուցահանդեսի բացումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհանդեսին ներկա են եղել ԱԺ բարձրաստիճան ղեկավարներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, սփյուռքահայ հյուրեր, արվեստասերներ, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իր խոսքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է թե գրքի գեղարվեստական արժանիքները, թե ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդրի` ԼՂ հիմնահարցի մասին իրազեկության բարձրացման գործում գրքից ակնկալվող ներդրումը: Նախարար Նալբանդյանի խոսքով գիրքը նաեւ Արցախ այցելելու յուրատեսակ հրավեր է:
Դեսպան Վահե Գաբրիելյանը նշել է, որ գիրքը ստեղծվել է Հայաստանի եւ մասնավորապես Արցախի մասին օտար լեզվով ներկայանալի գրականության պակասի գիտակցումից եւ դրա հիմնական նպատակը Արցախի հրաշագեղ բնության, ճարտարապետական գլուխգործոցների եւ հուշարձանների պատշաճ ներկայացման միջոցով երկրի վրա ուշադրություն հրավիրելն է եւ այդ բնագավառում տեղեկատվական բացի լրացումը:
Գրքում 700-ից ավելի հեղինակային լուսանկարներով ներկայացված են Արցախի ամրոցները, միջնադարյան կամուրջները, վանքերն ու եկեղեցիները, քաղաքներն ու գյուղերը, մելիքական ապարանքները, հուշահամալիրները, թանգարանները եւ դրոշմանիշները, անդրադարձ է կատարված միջնադարյան մանրանկարչությանը եւ գորգարվեստին: Լուսանկարներն ուղեկցվում են համառոտ բացատրություններով: Արցախի բնության համայնապատկերները եւ ճարտարապետական գլուխգործոցների նմուշները լուսանկարված են տարվա տարբեր եղանակներին, այդ թվում նաեւ` ուղղաթիռից: Պատմական եւ ժամանակակից քարտեզներով փաստարկած տեքստային մասով տրված է նաեւ Արցախի վերաբերյալ պատմական ակնարկ՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը:
Ցուցահանդեսը, որը 2009թ. «Բրիտանիա» ցուցահանդեսից հետո Վահե Գաբրիելյանի լուսանկարների երկրորդ անհատական ցուցադրումն է, կգործի մեկ շաբաթ: Նախատեսվում է այն ցուցադրել նաեւ Արցախում:




























