ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն անհանգստացած է նոր հումանիտար աղետի պատճառով եւ դիտարկում է Իսրայելին ամերիկյան զենքի օգտագործման հարցում խանգարելու միջոցները Ռաֆահ քաղաքի վրա հարձակման դեպքում, գրել է The Washington Post-ի սյունակագիր Դեւիդ Իգնատիուսը։
Նրա խոսքով՝ Բայդենը եւ ավագ խորհրդականները ոչ մի որոշում չեն ընդունել ամերիկյան զենքի օգտագործման պայմանների մասին։
«Բայց փաստը, որ պաշտոնյաները քննարկում են այս ծայրահեղ քայլը, ցույց է տալիս, որ վարչակազմը խիստ անհանգստացած է աճող ճգնաժամից»,- գրել է Իգնատիուսը։
«Իսրայելը պետք է հասկանա, որ Բայդենի վարչակազմի աճող դժգոհությունը Գազայի հատվածում ոչ ճիշտ հումանիտար իրավիճակի պատճառով՝ հասել է եզրագծին,- ասել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մարտին Ինդիկը։- Եթե Իսրայելը սկսի հարձակումը Ռաֆահում՝ առանց քաղաքացիական բնակչության պատշաճ պաշտպանության, դա կարող է հանգեցնել աննախադեպ ճգնաժամի ամերիկա-իսրայելյան հարաբերություններում, անգամ կապված զենքի մատակարարումների հետ»։
Ինչպես նշել է Իգնատիուսը՝ հղում կատարելով Axios-ին, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը եւ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը կասկածի տակ են դրել Ռաֆահի վրա հարձակման պլանը երկուշաբթի Իսրայելի պաշտպանության կաբինետի անդամ Բենի Գանցի հետ տեղի ունեցած առանձին հանդիպումների ժամանակ, որն այցով գտնվում էր Վաշինգտոնում։
«Բայդենի վարչակազմը մտահոգություն ունի, որ Ռաֆահի պլանը թերի է եւ կվատացնի աղետալի վիճակը Գազայում՝ վերջ չդնելով պատերազմին։ Վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ չեն տեսել հստակ պլան, որը կարող է պաշտպանել ավելի քան 1 մլն պաղեստինցիներին, որոնց մարտական գործողությունները հյուսիսում բերել-հասցրել են եգիպտական սահման, Ռաֆահ»,- գրել է սյունակագիրը։
Նա ընդգծել է, որ Իսրայել մատակարարվող ամերիկյան զենքի ցանկացած սահմանափակում կնշանակեր հարաբերությունների կտրուկ խզում եւ առաջ կբերեր «քաղաքական ֆուրոր»։
Սակայն արգելելով ամերիկյան ռազմական օգնության օգտագործումը Ռաֆահի գրոհի համար՝ վարչակազմը կարող էր հաստատել, որ քայլ է անում՝ նման Ուկրաինայի հետ պայմանավորվածությանն այն մասին, որ ամերիկյան հեռահար հրթիռները չեն կարող օգտագործվել ռուսական տարածքների գնդակոծման համար, գրել է Իգնատիուսը։





























