Աֆրիկայի հարավում երաշտն արդեն հանգեցրել է բերքի մեծ կորուստների Բոտսվանայում, Զամբիայում, Զիմբաբվեում, Նամիբիայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այս մասին տեղեկացրել է SABC հարավաֆրիկյան ռադիոկայանը։

Զամբիայի իշխանությունները փետրվարի 29-ին հայտարարել են ազգային աղետի ռեժիմ մտցնելու մասին՝ կապված ուժեղ երաշտի հետ, նշել է ռադիոկայանը։ Աֆրիկյան երկրի նախագահ Հակաինդե Հիչիլեմայի խոսքով՝ ցանքատարածությունների 45 տոկոսը ոչնչացել է անձրեւների բացակայության պատճառով։ Զգալի վնասների մասին տեղեկացնում են նաեւ Զիմբաբվեի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության ֆերմերները։ Արդյունքում՝ Աֆրիկայի հարավում բարձրանում են հացահատիկեղենի եւ որոշ պարենային ապրանքների գները։

Փետրվարին Բոտսվանայի, Զամբիայի եւ Զիմբաբվեի տարածքներում տեղացել է ամենաքիչ քանակությամբ անձրեւ գիտական դիտարկումների ողջ ընթացքում։ Մասնագետները Աֆրիկայի հարավում անձրեւների բացակայությունը համարում են Էլ-Նինյո բնական երեւույթի հետեւանք։ Փետրվարին օդի ջերմաստիճանը Աֆրիկայի հարավում 4-5 աստիճանով ավելի բարձր է եղել միջինից, տեղեկացրել է ՀԱՀ օդերեւութաբանական ծառայությունը։

Գյուղատնտեսությունից բացի, բարդ իրավիճակում է հայտնվել նաեւ այդ երկրների էներգետիկան, երբ ջրի մակարդակի անկման պատճառով բազմաթիվ գետերում կրճատվել են հէկերում էլեկտրաէներգիայի արտադրման ծավալները։ Դա այս պահին ամենածանր ազդեցությունն է թողնում Զամբիայում եւ Նամիբիայում։