Տղամարդը պատանդների հետ բարիկադավորվել է   ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքի տներից մեկում այն բանից հետո, երբ շաբաթ առավոտյան  առնվազն երեք մարդ է գնդակահարել  Փենսիլվանիա նահանգի Լևիտթաուն քաղաքում, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Հատուկ նշանակության ջոկատները շրջապատել են այն տունը, որտեղ ենթադրաբար թաքնվում էր 26-ամյա Անդրե Գորդոնը: Անհասկանալի էր, թե քանի պատանդ կա տանը։

Շաբաթ  առավոտյան կրակոցներից հետո Ֆոլս Թաունշիփի բնակիչները պատսպարան գտնելու մասին  արտակարգ ծանուցումներ ստացան, սակայն այդ հրահանգները չեղարկվեցին կեսօրին, քանի որ հետաքննությունը տեղափոխվեց Դելավեր գետից այն կողմ՝ Թրենթոն քաղաք:

Ոստիկանության աղբյուրները հրաձգությունները որակել են կենցաղային միջադեպեր։ Բաքս շրջանի դատախազությունը հայտնել է, որ հրաձգությունները տեղի են ունեցել երկու տարբեր վայրերում:

Հրաձգությունից հետո Գորդոնը գողացել է ինչ-որ մեկի մեքենան Փենսիլվանիայի Մորիսվիլ քաղաքի հանրախանութի մոտից և անհետացել մոխրագույն կամ արծաթագույն Honda-ով, ասել են պաշտոնյաները:

Միդլթաուն քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ մեքենան, որն օգտագործում էր կասկածյալը, գտնվում է Թրենթոնում: