Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան հանդիսությունների դահլիճում, այսօր` նոյեմբերի 9-ին, Գարեգին Բ-ի եւ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ, կայացել է «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2011-ի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթն իրականացվում է 2004 թվականից սկսյալ` նպատակ ունենալով բացահայտել, խրախուսել եւ գնահատել մասնագիտական խորը գիտելիքներով, ստեղծագործական եւ դասավանդման հմուտ կարողություններով օժտված ուսուցիչներին: «Լավագույն ուսուցիչ» մրցույթը կազմակերպվում է ամերիկաբնակ քույրեր Սիլվա եւ Իրմա Տեր-Ստեփանյանների հովանավորությամբ:

Մրցույթին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաեւ տարրական դպրոցների դասվարներ:

Գարեգին Բ-ն ու Արմեն Աշոտյանը մրցույթի հաղթողներին են հանձնել մրցույթի մասնակցության վկայականներ, դրամական պարգեւներ եւ հոգեւոր գրականություն:

Առաջին մրցանակի է արժանացել «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի ուսուցչուհի Էմմա Հովհաննիսյանը (Կոտայքի մարզի Զովունիի միջնակարգ դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Շուշան Խաչատրյանը (Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 2 միջն. դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ Ռոբերտ Ավանեսյանը (Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 միջնակարգ դպրոց) եւ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի դասվար Ռուզաննա Ասլանյանը: Երկրորդ մրցանակ ստացան 9, իսկ երրորդ մրցանակ` 15 ուսուցիչներ: