Հայաստանի եւ Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Մուրատ Նուրտլեուն քննարկել են լոգիստիկ հնարավորությունները։ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կայացել է Նուրտլեուի Երեւան կատարած այցի շրջանակում։

Ինչպես տեղեկացրել է Արարատ Միրզոյանը հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Փաստելով հաճախակի շփումները բազմակողմ հարթակներում, քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակում՝ նախարարը նշել է, որ իրականացվել է բնավ ոչ ամբողջ պոտենցիալը։ «Եկանք  այն եզրակացության, որ կողմերը պատրաստ են զարգացնել եւ իրականացնել պոտենցիալը։ Հայաստանը շահագրգռված է գործընկերների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, Ամերիկայից մինչեւ Արեւելյան Ասիա։ Եվ Ղազախստանի հետ հարաբերությունները կարեւոր տեղ են զբաղեցնում։ Ուրախ եմ, որ կա փոխադարձ հետաքրքրվածություն»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։

Միրզոյանը նշել է երկու երկրների համար տրանսպորտային լոգիստիկ հնարավորությունների զարգացման կարեւորությունը, եւ տեղեկացրել, որ գործընկերոջը հայտնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ու ընձեռվող հնարավորությունների մասին։ Այս առնչությամբ նախարարը հատկապես ընդգծել է, որ նոր լոգիստիկ հնարավորությունները պետք է հենվեն երկրների ինքնիշխանության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա։

Միրզոյանը նաեւ ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Հայաստանի կողմնակցությունը խաղաղության օրակարգին եւ գործադրվող բոլոր կառուցողական ջանքերը՝ խաղաղության համաձայնագրի շտապ ստորագրման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության, սահմանազատման վրա՝ ըստ 1991թ. Ալմաթիի հռչակագրի։