Բոտսվանայի նախագահ Մոկգվիթսի Մասիսին սպառնացել է Գերմանիա ուղարկել 20 հազար փիղ: Դրա մասին հայտնել է BBC մեդիա խումբը։

«Կցանկանայինք նման նվեր մատուցել Գերմանիային»,-ասել է Մասիսին՝ հավելելով, որ մերժումը չի ընդունի:

Բոտսվանայի վայրի բնության նախարարը հայտարարել է, որ երկրի որոշ շրջաններում ավելի շատ փիղ կա, քան մարդ: Փղերը երբեմն հարձակվում են մարդկանց վրա և ոտնահարում ագարակատերերի բերքը՝ աֆրիկացիներին սովի մատնելով: Նախարարը դեռևս մարտին սպառնացել էր Լոնդոն ուղարկել 10 հազար փիղ, որպեսզի բրիտանացիները կյանքի համը ճաշակեն նրանց կողքին:

Բոտսվանան և հարավային Աֆրիկայի մյուս երկրները մեծ գումարներ են վաստակում արևմտյան երկրների մեծահարուստների հաշվին. վերջիններս հազարավոր դոլարներ են վճարում կենդանիների վրա կրակելու թույլտվության և փղերի գլուխներն ու կաշին որպես ռազմաավար տուն տանելու համար:

Ըստ Humane Society International-ի 2021 թվականի զեկույցի՝ Գերմանիան աֆրիկյան փղերի ռազմավարների և ընդհանրապես որսորդական ավարների ԵՄ ամենամեծ ներմուծողն է:

Բոտսվանան այդ պրակտիկան արգելել է 2014 թվականին, սակայն բախվելով տեղի համայնքների ճնշումներին՝ սահմանափակումները 2019-ին չեղարկվել են:

Ներկայում երկիրը որսի տարեկան քվոտաներ է բաժանում՝ հայտարարելով, որ որսն արտոնագրված է և խստորեն վերահսկվում է:

Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարության խոսնակը AFP գործակալությանը հայտնել է, որ Բոտսվանան Գերմանիայի հետ որևէ մտահոգություն չի հայտնել այս հարցի վերաբերյալ: Նա կարծում է, որ պետք է ամեն ինչ անել որսորդական ավարների ներմուծումն օրինականացնելու համար։

Մամուլի քարտուղարը հավելել է, որ նախարարությունը շարունակում է քննարկումներն աֆրիկյան երկրների, ներառյալ՝ Բոտսվանայի հետ, որոնց վրա տարածվում են ավարների ներմուծման կանոները:

Բոտսվանան, իր հարևաններ Զիմբաբվեի և Նամիբիայի հետ միասին, հայտարարում է, որ իրեն պետք է թույլ տրվի վաճառել փղոսկրի իր պաշարները, որպեսզի կարողանա հսկայական քանակությամբ փղերից փող վաստակել:

Միաժամանակ կենդանիների պաշտպանությքան ակտիվիստները պնդում են, որ դա կնպաստի որսագողության աճին։