Առաջիկայում թատերագիր հրապարակախոս Վահրամ Սահակյանից որեւէ ֆիլմ կամ ներկայացում չակնկալենք։ Այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն, նա նշեց, որ «ոչ մի բան էլ չի լինի»։
Թատերագիրը նշեց, որ այժմ գրած ունի չորս պիես, բայց դրանք չեն բեմադրվում,որովհետեւ այսօրվա օրոք Հայաստանում դերասան հավաքել չի կարելի, բոլորը զբաղված են, վազվզում են։ «Ես հիմա զանգեմ 20 տարեկան լակոտի, չի վերցնի, որովհետեւ զբաղված է, հետ էլ չի զանգի, որովհետեւ փող չունի, ես չեմ հասկանում` էդքան աշխատում են, փող չունե՞ն: Միշտ ասել եմ, եթե մարդը շատ է աշխատում, փող աշխատելու ժամանակ չի ունենում»,- նշեց նա:
Անդրադառնալով իր ֆիլմերից մեկին` Վահրամ Սահակյանը նշեց, որ այն սկզբնապես կոչվում էր «Ամեն ինչ հայկական ֆիլմի մասին», բայց հետո, իր իսկ խոսքով, հասկացան, որ «տենց բան չկա»։ Լրագրողների դիտարկմանը, թե սեքսը չկա, թե հայկականը, նա նշեց, որ հայկականը կա, մյուսը՝ չկա։
Իսկ թե ինչու Վահրամ Սահակյանին չհաջողվեց նկարահանել իր ֆիլմը, նա բացատրեց, որ այդպես էլ չկարողացավ երկու դերասանի իրար գլուխ բերել, քանի որ բոլորը զբաղված են։ «Հաջորդ անգամ կփորձեմ առանց դերասանների նկարել»,- ասաց նա` հավելելով, որ ֆիլմը DVD-ի տարբերակով կարելի է գնել խանութներից, «թեթեւ բան է», ամեն ինչ ինքն է արել։ «Լավ բան էլ չի լինելու, քանի այսպես է։ Երբեք ոչ էլ «Մեա Կուլպա» կլինի, ոչ «Խաթաբալադա» կլինի»,- նշեց նա։




























