Այս պետությունը կկործանվի երկու տարվա ընթացքում, եթե քայլեր չձեռնարկվեն։ Այս մասին  այսօր` նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  թատերագիր հրապարակախոս Վահրամ Սահակյանը։

«Ես, որ միշտ եղել եմ մարդ, որը չի բողոքել եւ ասել եմ, որ ով ցանկանում է, նա էլ կարողանում է, հիմա ժամանակն է` ասեմ ուրիշ բան։ Այն, ինչ արվեստի եւ մշակույթի հետ կատարվում է հենց հիմա` 2011թ, դա կոտորած է, սարսափելի է»,- նշեց նա` հավելելով, որ եթե այսպես շարունակվի, ապա երկու տարի հետո ընդհանրապես մշակույթ չի լինի, թատրոն չի լինի, կինոյի մասին էլ չասած, հարսանեկան կլուբի մակարդակի բաներ կլինեն: Նրա կարծիքով` այստեղ կա երկու միջոց` պետք է իշխանությունների հետ համագործակցելով մի բան անել, բայց այդ ձեւը ոչ ոք չի ընդունում, որովհետեւ իրենք չեն ընկալում, իսկ երկրորդ ձեւը արգելելն է, ինչպես Ստալինի ժամանակ էր:

«Վերջ, դու այս հանրապետությունում արգելված մարդ ես, դու կարող ես տունը երգել, դու քաղաքացի ես, որը գոյություն չունի, արգելված ես, ոչ մի տեղ չես մտնում»,- նշեց նա` շեշտելով, որ դա միայն ծնում է վախ։  Այսօրվա ասուլիսի բանախոսները` Վահրամ Սահակյանը եւ գրող, դրամատուրգ, Կարինե Խոդիկյանը անդրադարձան նաեւ եթերին եւ թե ինչ է ցուցադրվում հեռուստատեսություններով:

«Միթե չի՞ կարելի մի երկու լավ բան էս մարդկանց հրամցնել, որ մի քիչ կտրվեն էս աշխարհից, արվեստի հետ շփվեն»,- նշեց նա: Իսկ Կարինե Խոդիկյանը նշեց, որ այսօր հեռուստաընկերություններով ցուցադրվում է ագրեսիա, կրիմինալ, ամենածիծաղելի վիճակում հայտնվում է, մտածող մարդը, իսկ հաղթական դիրքում` գողը, թալանչին: Այդպիսով, նրա խոսքով, ոչ միայն սերունդ են փչացնում, այլեւ մի ամբողջ երկրի ապագա դրել են հարցականի տակ: Կարինե Խոդիկյանի կարծիքով` պետության հիմնական գործառույթը պետք է լինի չափի մեջ դնելը: