Ռուսաստանի կառավարության կառուցվածքում կարող է ստեղծվել նոր նախարարություն՝ երիտասարդական քաղաքականության եւ հայրենասիրական դաստիարակության, գրել է «Ведомости»-ն՝ հղում կատարելով նախագահի աշխատակազմին մոտ կանգնած մի քանի աղբյուրների։
Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ դիտարկվում է նոր նախարարության ստեղծման տարբերակը «Ռոսմոլոդյոժի» հիման վրա», որին կտրվի լուսավորության նախարարության երեխաների հայրենասիրական դաստիարակության մասով գործառույթների մի մասը։
Լուսավորության նախարարությունն ինքը, աղբյուրների տեղեկացմամբ, այս դեպքում կարող է միավորվել կրթության նախարարության հետ (դրանք մեկ նախարարություն էին մինչեւ 2018թ.)։
«Գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ չկա միասնական մարմին, որը պատասխանատու է հայրենասիրական դաստիարակության համար, այժմ լիազորությունների մի մասը պատկանում է ՊՆ-ին, մի մասը՝ լուսավորության նախարարությանը եւ մի մասը՝ «Ռոսմոլոդյոժին», իսկ համակարգող կառույց չկա»,- հայտնել է աղբյուրներից մեկը։
Ենթադրվում է, որ դաշնային մամինների թարմացված կառուցվածքը կներկայացվի Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից հետո, որը նշանակված է մայիսի 7-ին։
Կրթության նախարարությունում «Ведомости»-ին ասել են, որ տեղեկություն չունեն նոր նախարարության ստեղծման մասին։ Պարբերականի հարցումները «Ռոսմոլոդյոժին», լուսավորության նախարարությանը եւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին հոդվածի հրապարակման պահին մնացել էին անպատասխան։





























