Մենք դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածներից: 

Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այս համատեքստում հաճախ են հնչում  հետևյալ տրամաբանությունն ունեցող  հարցեր. «Իսկ այդ հատվածներում սահմանազատումն ու  դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է  արդյոք անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց  հրաժարումը  երաշխավորում է  անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում և այս  բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք։

Հաջորդ հարցը՝ իսկ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է  արդյոք, որ ՀՀ տարածքի վրա նոր  հարձակում չի լինի։ Չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք։

Հաջորդ հարցը՝  իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի  երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում  իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի  մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները և այս նեգատիվ  երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք»։