ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցում կոչ է արել Իրանին համոզել Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրելուց զերծ մնալու անհրաժեշտության մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ Նա ընդգծել է, որ Դամասկոսում իր հյուպատոսության վրա հարձակմանն Իրանի հնարավոր պատասխանի պատճառով տարածաշրջանում իրավիճակի սրումը «չի բխում որևէ մեկի շահերից» և հավելել, որ այս խնդրի լուծման համար Վաշինգտոնը շփվում է դիվանագիտական ուղիներով և եվրոպացի գործընկերների հետ։
Ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի մոտ ավիահարվածի հետևանքով զոհվել է 16 մարդ։ Նրանց թվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու գեներալներ՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելին պատասխանատու է համարում հարվածի համար և միջադեպն անվանել է «բոլոր միջազգային կոնվենցիաների խախտում»:
Ապրիլի 7-ին Օման կատարած այցի ժամանակ Իրանի ԱԳՆ ղեկավարն ուղերձ է հղել Վաշինգտոնին, որում հայտարարել է հյուպատոսության վրա հարձակմանը պատասխան տալու անխուսափելիության մասին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը նախատեսում է դրանում ներգրավել «տարածաշրջանային միջնորդների»՝ միաժամանակ հստակեցնելով, որ արձագանքման միջոցները «վերահսկվելու են» և տարածաշրջանում էսկալացիայի չեն հանգեցնի։





























