Շվեյցարիայի կառավարությունը չի միանա ռուսաստանյան սառեցված ակտիվները որոնելու և առգրավելու միջազգային խմբին, գրում է РБК-ն՝ վկայակոչելով տնտեսագիտության, կրթության և հետազոտությունների դաշնային դեպարտամենտին։

Գերատեսչությունը պնդում է, որ Բեռնը լավ համագործակցություն է հաստատել միջազգային գործընկերների հետ Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում, հատկապես տեխնիկական մակարդակով։

«Այդ պատճառով Դաշնային խորհուրդը ներկայումս REPO-ին պաշտոնապես միանալու անհրաժեշտություն չի տեսնում», - ավելացրել է գերատեսչությունը՝ նշելով, որ եթե ապագայում անդամակցությունը բխի Շվեյցարիայի շահերից, Դաշնային խորհուրդը կարող է վերանայել իրավիճակը:

Միևնույն ժամանակ, Բեռնը հետևում է սառեցված ռուսաստանյան ակտիվները Ուկրաինային փոխանցելու գործում  իր գործընկերների աշխատանքին և հաշվի կառնի իր իրավական համակարգը որոշումներ կայացնելու համար, եթե, այնուամենայնիվ, համաձայնի միանալ հատուկ խմբին։

Հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7 երկրները սառեցրել են Ռուսաստանի արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտավորապես 300 միլիարդ եվրոյի չափով։ Բրյուսելը քննարկում է ռուսաստանյան սառեցված ակտիվները Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման համար օգտագործելու ուղիները։