Երեւանի Տերյան-62 շենքի բնակիչներն, այսօր` նոյեմբերի 14-ին, ահազանգել են NEWS.am-ի խմբագրություն եւ հայտնել, որ իրենց բակում ծառեր են կտրում, բների վրա ծծմբական թթու են լցրել, փոս են փորել:
Այցելելով դեպքի վայր` NEWS.am-ի թղթակիցը ականատես եղավ, որ Տերյան-62 բակում բազմաթիվ ծառեր կան կտրված, որոնք ավելի վաղ էին կտրվել: Որոշ ծառերի բներ փչացված էին, փորած եւ ծծմբական թթու էր լցված: Տարածքի մի հատվածն էլ փորված էր այնպես, կարծես այդտեղ պետք է ինչ-որ շինություն վեր խոյանար: Բնակիչներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ ինչ-որ մարդիկ էին եկել իբր «Կենտրոն» կանաչապատումից, մի հատ էլ տարեց մարդու էին բերել` տարածքը մաքրելու համար: Բայց, բնակիչների խոսքով, մաքրելու փոխարեն սկսել են փորել, իսկ երբ հարեւքանները աղմուկ են բարձրացրել, «կանաչապատողները» հեռացել են:
Բակը մաքրող կանանցից մեկը պատմեց, որ ծառերը կտրվել են 20 օր առաջ, ինքը եկել է եւ տեսել, որ կտրված ծառերը ընկել են, բայց չի տեսել, թե ովքեր են կտրել, եւ թե այսօր ով է փորել տարածքը:




























