Սիրիան ներողություն է խնդրել կառավարամետ ցուցարարների կողմից Դամասկոսում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակվելու համար:

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ-Մուալեմն անձամբ է ներողություն խնդրել Ֆրանսիայի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի դեսպանատների վրա հարձակումների համար, հաղորդում է Monsters and Critics-ը:

«Կարեւոր է, որ դա չկրկնվի: Դեսպանատների պաշտպանությունը մեր պատասխանատվության մի մասն է»,- հայտարարել է ալ-Մուալեմը, հանդես գալով հեռուստատեսությամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, Արաբական երկրների լիգան դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը: Կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների արտակարգ նիստը կայացել է Կահիրեում, որը պայմանավորված է եղել «Սիրիայի ղեկավարության կողմից ցուցարարների նկատմամբ բռնի գործողությունները շարունակելու» փաստով: Ի պատասխան, Սիրիայի գրեթե բոլոր քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել` ի պաշտպանություն երկրի ղեկավարության: