Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, նոյեմբերի 15-ին, կլսվի Հայաստանում ֆիզիկական առողջության պաշտպանման կենտրոնի տնօրեն, Պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն իր սեպտեմբերի 9-ի համարում (N151) հրապարակել էր հոդված «Դոկտոր պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերտառությամբ, որտեղ ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի եւ իր գործընկերոջ Արմեն Ասրյանի խոսքերը, որոնք պատմել են, թե ինչպես է Հարությունյանն իրենցից վերցրել 294 հազար ԱՄՆ դոլար ու չի վերադարձնում:
Ըստ թերթի, թեեւ հրապարակման մեջ ներկայացված է նաեւ Բենիկ Հարությունյանի եւ իր փաստաբանի խոսքը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ խորհրդականը որոշել է վիրավորվել «Ժողովուրդ» օրաթերթից` պահանջելով 2.2 միլիոն դրամ:
«Ժողովուրդ»-ի դեմ ներկայացված մյուս հայցի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Գավառ քաղաքում: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցով Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը 2,5 մլն դրամ գումար է պահանջում օրաթերթից: Նա էլ վիրավորվել է, որ «Ժողովուրդ»-ը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի դպրոցի ուսուցչի քննության մասնակից Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետը 3000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել` իր մրցակցի հաղթանակն ապահովելու համար:




























