Այս օրերին սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում ակտիվ քննարկումներ են գնում կապված Սեւանի, Հրազդանի եւ այլ հանքավայրերի շահագործման եւ դրա վտանգների մասին: «Խոսքի իրավունք» միավորումը կիսում է բոլոր այդ մտահոգությունները:
«Ուրախ ենք, որ բնապահպանները եւ պարզապես ակտիվիստ քաղաքացիները միավորված են բնության եւ մթնոլորտի պահպանման գործի շուրջ: Ֆեյսբուքյան ակտիվիստները տվել են Հրազդանի երկաթահանքի շահագործման գործընթացից սպասվող վնասակար ազդեցությունների նկարագիրը:
1. Լեռան ստորոտի մակերեւույթից ներծծվող` հանքի շահագործման արդյունքում առաջացած ծանր մետաղական գոյակցությունների ազդեցությունը լեռան ստորոտում 1-3 մ խորությունից ստացվող խմելու ջրի որակական փոփոխությունների վրա, որից օգտվում են հարյուր հազարավոր մարդիկ Հրազդանում, Ծաղկաձորում, Աբովյանում եւ Երեւանի …որոշ շրջաններում:
2. Լեռան լանջով (թունելով) եւ ստորոտով հոսող գետի եւ լեռան ստորոտում գտնվող Ծովինար լճակի ջրերի հնարավոր աղտոտումը: Գետի ջրով ոռոգվում են Երեւանի հարակից եւ Արարատյան դաշտավայրի մշակովի հողատարածքները, որտեղից ստացվում է Հայաստանում աճեցվող պտուղ-բանջարեղենի 70-80%-ը:
3. Հանքավայրի եւ նախատեսվող ձուլարանի հարեւանությամբ են գտնվում Ծաղկաձոր, Հանքավան եւ Արզական-Աղվերան հանգստի, առողջարանային եւ տուրիստական կենտրոնները, որոնք կարող են մեծապես տուժել հանքաքարի կորզման եւ վերամշակման գործընթացից առաջացրած ծանր մետաղներով հագեցած փոշուց:
4. Հանքաքավայրի ուսումնասիրությունները կատարվել են 1965-67 թթ-ին, եւ չնայած հանքում եզակի բարձրորակ երկաթի առկայությանը` այն ժամանակ հանքը չի շահագործվել բնակավայրերին խիստ մոտիկ լինելու պատճառով: Այդ տարիներից ի վեր հանքավայրին ավելի մոտ գտնվող տարածքներում կառուցվել են Հրազդանի Կենտրոն թաղամասը, հեռավորությունը հանքից` 1÷1,5 կմ, Միկրոշրջանի հարվ-արեւելյան թաղամասը, մոտ 2 կմ, նախատեսվող ձուլարանից մոտ 1 կմ, երկաթուղայինների բանավանը, անմիջապես բլրի ստորոտին, Վանատուրի եւ Ջրառատի նոր թաղամասերը, դպրոցներ, մանկապարտեզներ:
5. Հանքաքարի կորզման արդյունքում գոյացող 350 մ երկարություն, 70 մ լայնություն եւ 270 մ խորություն ունեցող փոսում կատարվող պայթեցումները կխաթարեն նույն վայրում գտնվող Աթարբեկյան ՀԷԿ-ի ջրատար եւ էներգետիկ համակարգերը, ինչպես նաեւ ամբողջությամբ կվնասվի լեռան հյուսիս-արեւելյան լանջին տեղակայված Վանատուր թաղամասի նոր գերեզմանատունը:
6. Հանքի շահագործմամբ պայմանավորված` նոր աշխատատեղերի խնդիրը արհեստականորեն ուրճացվում է: Ըստ չինական ընկերության` բացվելու է ընդհամենը 500 աշխատատեղ: Այլ երկրներում չինական կապիտալով ընկերություների փորձը ցույց է տալիս, որ այդ ընկերությունների բացված աշխատատեղերի մեծ մասը զբաղեցվում է չինացի տղամարդկանցով, քանի որ Չինաստանում դեմոգրաֆիկ առումով առկա է տղամարդկանց հսկայական ավելցուկ եւ նրանց մի մասի արտահանումը երկրից` ուղղակի հրատապ խնդիր է իրենց համար: Տեղացի 100÷200 մարդ, հիմնականում սեւագործ բանվորներ, որոնք կունենան կարճաժամկետ` 10-15 տարով աշխատատեղեր (այդքան տարի է նախատեսված հանքի շահագործման համար): Սակայն հանքի շահագործման արդյունքում, կախված էկոլոգիական վիճակի վատթարացման հետ, միայն Ծաղկաձորում (չհաշված Հանքավանը եւ Աղվերանը), մենք կկորցնենք այժմ գործող 1500 հիմնական աշխատատեղերի մոտ կեսը:
7. Հանքի շահագործման նախագիծը բնապահպանական առումով պարունակում է լուրջ ռիսկեր, տրված լիցենզիաները չեն անցել անհրաժեշտ փորձաքննություն, շահագործման թույլատրությունը տրված է առանց հասարակական լսումների եւ մենք ունենալով հասարակության մի ստվար զանգվածի աջակցությունը , փորձում ենք կանխարգելել հիշյալ գործընթացը:
Բնության պահպանմանը ծառայող քաղաքացիական խմբերը հույս ունեն, որ այս մտահոգությունները չեն անտեսվի կառավարության կողմից»,- ասված է միավորման հաղորդագրության մեջ:




























