Երեւանի նորընտրիր քաղաքապետ Տարոն Մարգարյանն այռաջին անգամ այդ կարգավիճակով պատասխանել է լրագրողների հարցերին:

Պարոն Մարգարյան, ինչպիսի՞ն է լինելու Ձեր կադրային քաղաքականությունը:

Կադրային քաղաքականությունը ինքնանպատակ չի լինում: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի կադրային փոփոխությանը, մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ, մնում է այդ թիմին ոգեւորել, որպեսզի լինի այն ոգին ու աշխատասիրությունը, որպեսզի մեր ծրագրերը հասցնենք ավարտին:

Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո կուսակցությունը չառաջադրեց Ձեր թեկնածությունը, դա տեղի ունեցավ միայն Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո, այս անգամ ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ընտրությունը:

Իմ ընտրությունը պայմանավորված է Հանրապետական կուսակցության խորհրդում առաջադրած իմ թեկնածությամբ, ես որպես կուսակցական, իմ խորհրդի որոշումները կատարում եմ: Իմ թեկնածությունն առաջադրեց նաեւ մեր Երեւանի ավագանու Հանրապետական կուսակցության խմբակցությունը: Ինչ մնում է Գագիկ Բեգլարյանից հետո իմ թեկնածությունը չառաջադրելուն, Հանրապետական կուսակցությունը որոշում կայացրեց  պաշտպանել Կարեն Կարապետյանի թեկնածությունը եւ մենք պաշտպանեցինք նրա թեկնածությունը:

Նախորդ քաղաքապետը բոլորին հանձնարարում էր քաղաքային տրանսպորտով երթեւեկել, Դուք երթեւեկե՞լ եք:

Չէ, ես տրանսպորտով չեմ երթեւեկել, տրանսպորտով երթեւեկել եմ իմ ուսանող տարիների ընթացքում, բայց դեմ էլ չեմ չերթեւեկելուն:

Կրպակների ապամունտաժումը շարունակվելո՞ւ է:

Մենք բազմիցս ասել ենք, որ ապամոնտաժելու ենք լքյալ կրպակները, ապօրինի գործող կրպակները: Ունենք հստակ քանակ եւ դրանք ավարտական փուլում են, ինչ մնում է գործող կրպակներին, մենք դրանց չենք անդրադառնում: Անդրադառնալու ենք Աբովյան փողոցի այն կառույցներին, որոնք նաեւ ունեն փաստաթղթային տեսք եւ բանակցելով  սեփականատետերի հետ` փորձելու ենք Աբովյան փողոցի մայթը հանձնել մեր բնակիչներին:

Ձեր կուսակիցներից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ ծեծի է ենթարկել գործարար  Սիլվա  Համբարձումյանին, ինչպե՞ս եք գնահատում Ձեր կուսակցի պահվածքը:

Ես այսօր ավելի շատ կուզենայի խոսել Երեւան քաղաքի մասին:

Առաջիկա Ձեր անելիքների մեջ մտնելո՞ւ էՀրազդան մարզադաշտի խնդիրը:

Հրազդան մարզադաշտի հետ կապված տպավորությունն է ստեղծվել, որ Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել, այնինչ մենք որոշում չենք կայացրել, նմանատիպ քաղաքաշինական ծրագիր ունի քաղաքաշինական խորհուրդը եւ նաեւ հասարակական լսումներ պետք է անցնեն, քաղաքաշինական խորհուրդը կքննարկի դրական ու բացասական կողմերը, նաեւ հասարակական կարծիք կլինի, նոր կմտածվի որոշում կայացնելու մասին:

Պարոն Մարգարյան, Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ  աշխատելու «դռայվ» ունի, իսկ Դուք ունե՞ք Երեւանի համար աշխատելու այդ «դռայվը»:

 Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ տեղական ինքնակառավարման համակարգը ինձ համար հոգեհարազատ համակարգ  է եւ, ես այս համակարգում յոթը տարի շարունակ աշխատելով, ոգոեւորությամբ ու սրտացավությամբ եմ  վերաբերում իմ աշխատանքին եւ վստահ եմ, որ ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի միջոցով ենք իրականացնում այդ աշխատանքները:

Երկու քաղաքապետի հետ եք աշխատել, երկուսն էլ անհատականություն են եղել իրենց տեսաակով,ի՞նչ  եք վերցրել իրենցից եւ նրանց ո՞ր կիսատ թողած գործն է Ձեզ համար առաջնահերթ լինելու:

Ես  հիշեցնեմ, որ ես աշխատել եմ երեք քաղաքապետի հետ. Երվանդ Զախարյան, Գագիկ Բեգլարյան եւ Կարեն Կարապետյան: Մեր ծրագրային աշխատանքը մեր քաղաքական թիմի ծրագիրն է եղել եւ այն ծրագրերը որ իրականցրել են բոլոր քաղաքապետերը, թիմի ծրագրերն են եղել:

Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը ո՞վ է զբաղեցնելու:

Ըստ Երեւանի մասին օրենքի, նա ավագանու անդամ  է լինելու, մենք այդ հարցը դեռ չենք քննարկել, քննարկելուց հետո կհայտնեմ: