Հայաստանում գործում են բազմաթիվ լեռնաարդյունաբերական հանքեր, եւ առկա են այդ արդյունաբերության հետեւանքով գոյացած տասնյակ մեծածավալ պոչամբարներ, որոնք ահազանգող խնդիրներ են առաջացրել բնակչության առողջության  եւ անվտանգ ապրելու իրավունքի  համար: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նր խոսքով, այն  բնակավայրերում, որտեղ գտնվում են այդ հանքերը, բնակչության հիվանդության (նորագոյացություններ, շնչառական հիվանդություններ, անոմալ ծնունդներ, չբերություն, վիժումներ եւ այլն) ցուցանիշն ակնհայտ մտահոգիչ բարձր է հանրապետական ցուցանիշների համեմատությամբ:

«Հանքավայրերին մոտ բնակավայրերի շրջակա միջավայրում (հողու, օդում, ջրում, սննդամթերքում եւ մարդկանց օրգանիզմում) ծանր մետաղների եւ այլ վտանգավոր նյութերի առկայությունը մի քանի տասնյակ անգամ, որոշ դեպքերումª հարյուրավոր անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը:

Հայաստանի կառավարությունը, խախտելով ազգային օրենսդրությունը եւ մի շարք միջազգային նորմեր, հարյուրավոր լիցենզիաներ է տրամադրել նոր լեռնաարդյունաբերական հանքերի շահագործման եւ հետախուզման (ապագա շահագործման) նպատակով, որոնցից են Թեղուտի, Կապան քաղաքի Շահումյանի հանքավայրերը, Հրազդանի եւ Տաթեւի Սվարանիցի երկաթի հանքավայրերը, ինչպես նաեւ Հայաստանի ողջ տարածքում ուրանի հետախուզման եւ ապագա շահագործման նպատակով, որոնց աշխատանքներն անցած տարի մեկնարկել են Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում:

Հայաստանի լեռնաարդյունաբերական հանքերի ներկայիս եւ սպասվող նոր հանքավայրերի շահագործման հետեւանքով ոչ միայն տուժում է շրջակա միջավայրը` թողնելով նրա վրա աղետալի ազդեցությունը, այլ նաեւ Հայաստանի տնտեսությունը:

Մենք ականատեսն ենք բացարձակ արատավոր եւ մեր ժողովրդի համար կործանարար երեւույթի` այսօր մեր ընդերքի գիշատչական շահագործումը Հայաստանի կառավարության կողմից հանգեցնելու է այնպիսի իրողության, որ մենք չենք կարողանալու զարգացնել ոչ զբոսաշրջությունը, ոչ գյուղատնտեսությունը, եւ ունենալու ենք նաեւ էկոլոգիական արտագաղթ:

Օսմանյան կայսրությունը մեզ բնաջնջում էր մեր հայրենիքից բռնի ուժի կիրառմամբ, իսկ այսօրվա Հայաստանի կառավարությունը իրականացնում է ոչ պակաս նենգ ծրագիր` բնաջնջում է նաեւ մեր հայրենիքը:

Ինչպես կարելի է պետության տնտեսությունը կառուցել հանքերի գիշատչական շահագործման վրա եւ դրանով խրախուսել, թե իբրեւ աշխատատեղեր են ստեղծվում: Ինչ աշխատատեղեր եւ ինչի հաշվին: Բավարար չէ, որ ունեզրկել են, իրավազրկել են մեր քաղաքացիներին, այժմ էլ անցել են ստրկացմանը: Հանքավայրում այսօրվա աշխատող մարդը այդ տաժանակիր աշխատանքի համար միջինը ստանում է 100 հազար դրամ, ինչով բավարարում է միայն իր ֆիզիկական գոյությունը:

Մեր բոլորիս ազգային հարստությունը անօրինական ճանապարհով փոխանցվեցին մի քանի սեփականատերերի եւ այսօր էլ նույնը շարունակվում է:

«Ժառանգությունը» մարզերի բնակիչների, քաղաքացիների եւ հասարակական խմբերի հետ, որոնք  հետեւողականորեն պայքարում են մեր հայրենիքը հանքավայրեր եւ պոչամբարներ չվերածելու համար, շարունակելու է միջոցներ ձեռնարկել խափանելու ՀՀ կառավարության այդ անմարդկային եւ հակահայկական ծրագիրը»,- իր ելույթում նշել է ընդդիմադիր պատգամավորը: