Լույս է տեսել աշխարհի վտանգված հուշարձանների եւ տեսարժան վայրերի վերաբերյալ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ)  2008-2010թթ.զեկույցը,  որը հասցեագրված է մշակութային ժառանգության պահպանությամբ մտահոգ միջազգային հանրությանը:

2000-ից իրականացվող այս շարքը ժառանգության վտանգվածության վերաբերյալ ահազանգեր է հնչեցնում աշխարհի տարբեր կողմերից ու տարածաշրջաններից` նպաստելով ժառագության հնարավոր կորուստների ու  դրան պատճառվող վնասների կանխարգելմանը: 2008-2010թթ.  ժողովածուն ներկայացնում է օրինակներ աշխարհի 41 երկրներից: 

Տարեգրքում Հայաստանից ներկայացված է Էրեբունի ամրոցը.  քաղաք-ամրոցի համառոտ պատմությունը,  վիճակի նկարագրությունը եւ հիմնավորումներ անհետաձգելի միջամտությունների վերաբերյալ:  Հոդվածի հեղինակը հնագետ, «Էրեբունի»  պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ Արաքսի Մեշինյանն է:  

Արդեն 1  տասնամյակից ավելի ճանապարհ անցած «Վտանգված Ժառանգություն» շարքը խարսխված է ժառանգության պրոֆեսիոնալների հոդվածների վրա: Հանդես գալով տարեգրքի առաջաբանում` ԻԿՕՄՕՍ-ի նախագահ Գուստավո Առաոզը մասնավորապես նշել է. «Այս հրատարակությունը հիշեցում է, որ մեր մշակութային ժառանգությունը աշխարհի բոլոր տարածաշրջաններում միշտ վտանգված է»:

Հիշեցնենք, որ տարեգրքի 2002-2003թթ. եւ 2006-2007թթ. հրատարակությունները ժառանգության պահպանության միջազգային հանրությանը եւ մասնագիտացված միջազգային կառույցներին ներկայացրեցին փաստավավերագրական նյութեր` Ջուղայի պատմական գերեզմանատան իսպառ ավերման վերաբերյալ: