Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` նոյեմբերի 16-ին, Գարեգին Բ-ն ընդունել է Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկիին եւ նշել, որ երկու երկրների միջեւ պատմական հարուստ ու ջերմ հարաբերությունները շարունակում են զարգանալ եւ առաջընթաց ապրել:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ
«Ռումինիան շատ հարազատ է մեր հոգուն ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ դարեր առաջ կայք է հաստատել հայությունը, իր զորեղ հետքը թողել ռումին կյանքում եւ նպաստել երկրի առաջընթացին, այլ նաեւ այն պատճառով, որ Ռումինիան պարգեւել է մեզ Հայոց Հայրապետ` Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոս, ով դժվարին ժամանակներում կարեւոր ծառայություն մատուցեց մեր ժողովրդին»,-նշել է Գարեգին Բ-ն:
Նախարար Թեոդոր Բակոնսկին իր հերթին ուրախություն է հայտնել կարեւոր այս սրբավայր այցելելու հնարավորության համար եւ Գարեգին Բ-ին փոխանցել Ռումին ուղղափառ եկեղեցու Դանիել պատրիարքի եղբայրական ողջույնները:
Գարեգին Բ-ն Ռումինիայի ԱԳ նախարարին տեղեկացրել է նաեւ, որ առաջիկա տարվա օգոստոսին Ռումինիայում կմասնակցի Սուչավայի Հաճկատար Ս. Աստվածածին հայկական վանքի հիմնադրման 500-ամյակի տոնակատարություններին եւ կհանդիսապետի վանքի վերաօծման արարողությունը:




























