Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է: Աշխարհն այս տարի 70-րդ անգամ նշում է այդ տոնը: Իսկ ամեն ինչ սկսվեց տխուր մի իրադարձությունից, երբ 1939թ. նոյեմբերի 17-ին նացիստների կողմից օկուպացված Չեխոսլովակիայում ձերբակալվեցին եւ համակենտրոնացման ճամբարներ ուղարկվեցին ավելի քան 1200 ուսանողներ, շատերին էլ գնդակահարեցին:
Երկու տարի անց Լոնդոնում այս օրը կայացավ ուսանողների միջազգային հանդիպում` ի հիշատակ այդ ողբերգական իրադարձության, որն էլ հիմք դրեց Ուսանողների միջազգային օրվան: Այսօր աշխարհի շատ երկրներում է նշվում Ուսանողների միջազգային օրը, այդ թվում նաեւ` Հայաստանում:
NEWS.am-ը փորձեց Հայաստանի կառավարության անդամներից պարզել, թե ինչպիսի՞ ուսանողներ են եղել նրանք, արդյո՞ք փախել են դասերից, ունեցել են լիկվիդներ եւ պարտքեր քննաշրջանի ընթացքում, եւ ո՞րն է նրանց ուսանողական կյանքի ամենահետաքրքիր դրվագը:
Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուսանողական կյանքի ամենահետաքրքիր դրվագն այն է, որ նա ամուսնացել է իր ուսանողական դասընկերուհու հետ: «Երեւի ամենահետաքրքիրը դա է: Բայց մի պատմություն փորձեմ հիշել: Միջազգային մասնավոր իրավունքն էր, եւ գրականություն էլ չկար պարապելու: Վերջում ասացին, որ քննություն պետք է տանք: Եթե չեմ սխալվում, պարոն Ղամբարյանն էր քննությունը վերցնում: մեկ տոմս քաշեցի եւ բոլորովին այլ բան պատասխանեցի, գերազանց ստացա»,- նշեց նախարարը: Արդարադատության նախարարը ուսանողական տարիներին երբեք լիկվիդ չի ընկել` «Ես ընդհանրապես չորս չեմ ստացել», չի ծխել` «արդեն 41 տարի է թարգել եմ ծխելը» (նախարարը 41 տարեկան է): Թովմասյանը, սակայն, իրեն շատ կարգապահ ուսանող էլ չի համարում: «Եղել է, որ դասերի էլ չեմ գնացել, փախել եմ, բայց երբեք դա չի եղել դասերը պատասխանելու հաշվին»,- նշեց Հրայր Թովմասյանը: Նա ի դեպ, ինքն էլ այժմ դասավանդում է, եւ հպարտությամբ նշեց, որ իր դասերից երբեք չեն փախչում, նույնիսկ այլ կուրսերից են գալիս` լսելու: (Հրայր Թովմասյանը 1990-1995 թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում և ստացել իրավաբանի որակավորում, իսկ 1996-1998 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում, իրավագիտության թեկնածու է):
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի ուսանողական կյանքը եւս հետաքրքիր է եղել (նա 1995թ. Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը): «Բայց փորձեմ առանձնացնել ամենահետաքրքիր դրվագը: Սեսիոն քննությունների ժամանակ երեք ընկերներով չէինք պատրաստվել եւ փորձեցինք դասախոսին սիրաշահել եւ ստանալ քննությունը: Ընկերներով այցելեցինք դասախոսի տուն, իսկ նա մեզ չէր էլ ճանաչում: Դասախոսի կինը մեզ ներս հրավիրեց, դասախոսը եկավ եւ զարմացած սկսեց նայել, թե ովքեր ենք մենք: Մենք ներկայացանք, թե ովքեր ենք եւ ինչի համար ենք եկել: Մեզ երեքիս էլ վռնդեց եւ հաջորդ օրը առաջինը երեքիս էլ կանչեց եւ անբավարար նշանակեց»,- պատմեց Արթուր Գրիգորյանը: Վերջինս, բարեբախտաբար, երբեք կաշառքով քննություն չի ստացել, նաեւ չի ծխել լսարաններում եւ այլ արգելված վայրերում: Աշխատանքի նախարարը նաեւ թղթախաղով չի զբաղվել համալսարանի տարածքում, միտումնավոր չի փախել դասերից, երբեմն չի նստել դասերին, սակայն միջոցառումների պատճառով:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ով 1980թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, այնքան հետաքրքիր ուսանողական կյանք է ապրել, որ առանձին մեկ դեպք չկարողացավ առանձնացնել: «Այնքան հետաքրքիր դրվագներ կան: Ամենակարեւորը, որ մաքուր, ազնիվ տարիներ էին, նոր ընկերություն, վերելքի տարիներ էին: Ես միշտ լավ եմ հիշում ուսանողական տարիները եւ շատ գոհ եմ իմ ուսանողական կյանքից»,- նշեց նա: Քուշկյանը ծխել է արգելված վայրերում, փախել է դասերից, սակայն երբեք լիկվիդ չի ընկել, նաեւ գումարով քննություն չի ստացել: «Մեր ժամանակ նման բան չկար»,- ասաց նա:
Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւս դժվարացավ հիշել ամենահիշարժան դրվագն իր ուսանողական կյանքից: «Ամեն օր շփվում եմ ուսանողների հետ, եւ շատուշատ հետաքրքիր դրվագներ կան»,- նշեց նա: Վաչե Գաբրիելյանը երբեւէ լիկվիդ չի ընկել, փողով քննություն չի ստացել, կյանքում ու համալսարանում չի ծխել, ինստիտուտում թղթախաղ չի խաղացել, սակայն երիտասարդ տարիներին ընկերների հետ խաղացել է: Նախարարը նաեւ հայտնեց, որ փախել է դասերից, ինչպես յուրաքանչյուր նորմալ ուսանող: «Կազմակերպված փախել ենք, բայց ես կազմակերպիչը չեմ եղել»,- նշեց Վաչե Գաբրիելյանը` հավելելով, որ դասերից փախչելու համար բոլորի հետ էլ հավասարապես պատժվել է: Նա նաեւ կարոտով է հիշում իր ուսանողական տարիները:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստովանեց, որ ուսանող ժամանակ լիկվիդ ընկել է, սակայն երբեք գումարով քննություն չի ստացել: Հարցին` ծխե՞լ է արդյոք արգելված վայրերում, նախարարը պատասխանեց. «Այն ժամանակ բոլոր տեղերում, բացի լսարաններից, ծխել կարելի էր, իսկ լսարաններում չեմ ծխել»: Մովսիսյանը դասերից էլ շատ է փախել, անգամ ինքն է երբեմն կազմակերպել եւ կուրսով փախել են դասերից:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուսանողական կյանքի ամենահիշարժան իրադարձությունը բժշկական համալսարան ընդունվելն է եղել: «11 տարի սովորել եմ բուհում, եւ ավելի շուտ ապրել եմ բուհում, ապրել եմ լիարժեք ուսանողական կյանքով` համատեղել ակադեմիական առաջադիմությունը ուսանողական լավ հիշողությունների շտեմարան ձեւավորելուն զուգահեռ»,- նշեց ԿԳ նախարարը: Աշոտյանը 11 տարվա ընթացքում երբեք լիկվիդ չի ընկել, գումարով էլ քննություն չի ստացել. «Աշխատել եմ անգամ 4 չստանալ, որովհետեւ Մխիթար Հերացու կրթաթոշակառու էի: Բայց դասից փախել եմ, քանիցս էլ ես եմ կազմակերպել: 14 հոգուց 11-ը ունեին գերազանց եւ լավ առաջադիմություն եւ մեզ կարող էինք թույլ տալ ավելի չարաճճիություններ անել»,- նշեց Աշոտյանը: ԿԳ նախարարը նաեւ ծխել է բժշկական համալսարանի տարածքում: «Տղերքով ծխում էինք: Բժշկական համալսարանում շատ խիստ էր, հեռացնում էին: Բուն համալսարանի տարածքում չէինք ծխում, բայց տարբեր բակերում, ամբիոնական նեղ ու մութ անկյուններում ծխել ենք»,- նկատեց նա:




























