Սահմանադրական դատարանն իր գործելաոճին հավատարիմ որոշում է կայցրել , որով ոչ նալին է խփում, ոչ` մեխին , ոչ ինձ, ոչ` քեզ. այնպես է արել, որ մամուլը շատ չնեղանա, բայց նաեւ հակասահմանադրական չի ճանաչել օրենքի այն դրույթը, որի ձեռքը երկու տարի է մամուլը կրակն է ընկել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ դրույթները հակասահմանադրական ճանաչելու հարցով ՍԴ կայացրած վճիռը «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: «Դա նշանակում է, որ շարունակվում է մեր տառապանքը, պայքարը եւ ոչ մեկը մեր մատից փուշ չի հանելու»,- ասաց նա:

Երկրորդ հանգամանքը, որն առանձնացրեց Օհանյանը, դա մամուլի օգտին արված գեղեցիկ նախադասություններն են, որոնք, ըստ նրա, կիրառություն չեն ստանա: 

«Բայց ամեն դեպքում, սա մեկ քայլ առաջ եմ համարում այն առումով, որ Սահմանադրական դատարանն իրավական մի դասընթաց արեց, խորհրդատվություն իրականացրեց դատավորներին ուղղված։ Մեկնաբանել օրենքը, որպեսզի դատավորը ցանկության դեպքում օգտվի այդ խորհրդատվությունից։ Բայց եթե դատավորը ցանկություն չունի, չի ցանկանում օգտվել այդ խորհրդատվությունից, ինքը մամուլի, ազատ խոսքի արժեքը չի հասկանում այդ մեկնաբանությունները նրա համար զրո են։  Հուսանք, որ դատավորներն այդ ցանկությունները կունենան, իսկ մենք` մամուլի աշխատողներս կկարողանանք նրանց պարտադրել, որ նրանք առաջնորդվեն այդ տրամադրությամբ»,- ընդգծեց «Հրապարակի» գլխավոր խմբագիրն ու հավելեց. «Երրորդը այն է, որ միջազգային հանրություն, կառույցներ կան որոնք հետեւում են այդ գործերի իրականացմանը, այդ տրամադրության զարգացմանը»:

Նա նկատեց, որ թեեւ 100 տոկոսանոց երաշխիք չկա, որ ՍԴ որոշումը կկատարվի, բայց «էլի ինչ-որ քայլ էր»: 

NEWS.am-ը զրուցեց նաեւ Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ։ Նրա խոսքով,  որոշումը  շատ լավ ուղեցույց է դատարանների համար, որովհետեւ այդտեղ ավելի շատ օգտագործվում է խորհուրդներ, հորդորներ, թե ինչպես դատական ատյանները պետք է կիրառեն 1087.1 հոդվածը: «Բացի այդ, խթան կա, որպեսզի խորհրդարանը  վերանայի մասնավորապես զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցման վերին շեմը: Մի խոսքով, կարծես Սահմանադրական դատարանը նույնպես մատնանշեց այն փաստը, որ  հիմնական խնդիրը մեր դատական համակարգում է, թե ինչպես է առհասարակ  կիրառվում օրենքը։ Իհարկե, այդ դրույթները կապված զրպարտության եւ վիրավորանքի հետ  կատարելագործման  անհրաժեշտություն ունեն, իհարկե, անհրաժեշտ է իջեցնել նաեւ  այդ վերին շեմը, բայց դրա հետ մեկտեղ պետք է դատարանները կարողանան տուրք տալ ոչ թե քաղաքական կոնյուկտուրային, տնտեսական հնարավորություններին, քաղաքական քիմքին, այլ օբյեկտիվությանը եւ արդարությանը»,- ավելացրեց Աշոտ Մելիքյանը։

Նշենք, որ 2010թ. «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումից հետո, բազմաթիվ հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ, որոնցով միլիոնավոր դրամների փոխհատուցումներ են պահանջում նրանցից: իսկ  NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը ներկայումս ներգրավված է երեք դատական գործերում, որոնցից երկուսը ներկայացվել են գործակալության դեմ, իսկ մեկով էլ NEWS.am-ը ճանաչվել է որպես երրորոդ կողմ:

Հիշեցնենք նաեւ, որ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՍԴ-ին` խնդրելով քննել օրենսգրքի տվյալ դրույթի սահմանադրականությունը, որը վերաբերում է զրպրտությանն ու վիրավորանքին:

ՍԴ-ն  նոյեմբերի 15-ին քննել է դիմումը, եւ եւ հոդվածը հակասահմանադրական չի ճանաչել։