Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հերթական անգամ հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի մասին՝ մեկնաբանելով «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիաները, գրում է NGnewsgeorgia-ն։
«Ստացված տեղեկություններով՝ Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքների ժամանակ մարդկանց որոշակի խմբեր փորձում են սադրանքներ կազմակերպել, որոնց նպատակն է զարգացնել ապակառուցողական և բռնի սցենարներ։ Դրանք կազմակերպում են որոշակի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների առաջնորդները և ՀԿ-ների ղեկավարները»,- ասված է Վրաստանի պետական անվտանգության տարածած հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ գործողությունների կազմակերպիչները ձգտում են, որ բախումները հանգեցնեն մարդկային զոհերի, և դրանից բխող՝ երկրով մեկ բողոքի տրամադրությունների աճին։
Նշվում է նաև, որ այդ հանցավոր ծրագրերին ակտիվորեն մասնակցում են երկրի սահմաններից դուրս գտնվող Վրաստանի քաղաքացիները, մասնավորապես, Ուկրաինայում կռվող վրացիների մի հատվածը՝ հայտարարելով ՝ Վրաստան ժամանելու և ոստիկանության դեմ ծրագրված բռնությանը ակտիվորեն մասնակցելու իրենց պատրաստակամության մասին:
Վրաստանի պետանվտանգության ծառայությունը նշել է, որ «հանցավոր ծրագրերի կազմակերպիչներն» հետքերը քողարկելու նպատակով օգտագործում են արտերկրից ստացված միջոցներն ու կրիպտոարժույթ։ Մինչ այս՝ անցյալ տարվա սեպտեմբերին, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը նմանատիպ հայտարարություն էր տարածել, ըստ որի պետական հեղաշրջումը ծրագրվել էր իրագործել 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին։
Միաժամանակ նշվել է հանրահավաքների ժամանակ նախատեսված սադրանքների և մարդկային զոհերի, «Ուկրաինայի վրացիների», CANVAS-ի դասընթացների և արդեն երկու տարի ծրագրված միջոցառումներում «Ոչ բռնի հակամարտությունների միջազգային կենտրոնի (ICNC) հիմնադիր, հանգուցյալ Պիտեր Աքերմանի դերակատարության մասին։





























