Միացյալ Նահանգների բոլոր ծայրերից ամերիկահայերն ու հույները կոչ են անում ԱՄՆ - ի Ներկայացուցիչների պալատի բնական ռեսուրսների հանձնաժողովի անդամներին դեմ քվեարկել օրենսդրությանը, որը, ընդունվելու դեպքում, Թուրքիայի համար հատուկ առեւտրային արտոնություններ կստեղծի հնդկացիական ցեղերի հետ առեւտուր իրականացնելիս: Այս մասին հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Առեւտրի այս օրինագիծը մի շարք այլ օրինագծերի հետ կքննարկվի նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 10:00-ին: Քննարկումը կհեռարձակվի ուղիղ եթերով:
ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում այդ հանձնաժողովի անդամներին դեմ արտահայտվել №2362 օրինագծին` հաշվի առնելով մի քանի չափորոշիչներ, այդ թվում` նաեւ հետեւյալ գործոնները.
- ԱՄՆ Կոնգրեսը չպետք է հատուկ տնտեսական առավելություններ տրամադրի (հատկապես`հնդկացիական ցեղերի հետ կապված) մի երկրի, որը շարունակում է մեղա չեկած ոճրագործ մնալ, որը իրականացրել է իր բնիկ փոքրամասնությունների միլիոնավոր անդամների ցեղասպանությունը, այդ թվում `հայերի, հույների, ասորիների եւ այլն,
- ԱՄՆ Կոնգրեսը չպետք է պարգեւատրի Թուրքիային, որն աջակցում է Հայաստանի շրջափակմանը, սպառնում Կիպրոսին, հակամարտության մեջ է Իսրայելի հետ, հարձակվում է իր քուրդ բնակչության վրա, ինչպես նաեւ գնալով ավելի է վտանգում ամերիկյան տարածաշրջանային առաջնահերթությունները,
- ԱՄՆ Կոնգրեսը չպետք է ռիսկի դիմի` խախտելով ԱՄՆ-ի առեւտրային այլ համաձայնագրերը, Թուրքիային առաջատար դիրք տրամադրելով այլ երկրների համեմատ, որոնք Միացյալ Նահանգների հուսալի եւ հավատարիմ դաշնակիցներն են:



























