Իշխանությունը մեր աչքի առաջ լրջագույն ճաքեր է տալիս եւ դա շարունակական բնույթ է կրելու։ Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանի նոր նշանակումները երկրի զարգացմանը միտված չեն: «Իրականում Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցում է, որ չի ձերբազատվել քոչարյանական կադրերից եւ գնում է նման քայլի` իր թիկունքն ամրապնդելու համար։ Ավելին, դեռ նոր զարգացումների, հրաժարականների նշանակումների պետք է սպասենք»,- նշեց ընդդիմադիր գործիչը:

«Սերժ Սարգսյանը կարծում եմ, շատ կերազեր արտահերթ ընտրություններ կազմակերպել, քանի որ ինչքան ժամանակը ձգվում է, այնքան ՀՀԿ-ի դիրքերը թուլանում են, այնքան թիմը անվստահությամբ է վերաբերվում նրան։ Սակայն չի կարողանում վերջնական համաձայնության գալ ԲՀԿ-ի հետ։ Շանտաժներով ու ահաբեկումներով փորձում է կոալիցիոն գործընկերության մեջ ներքաշել եւ հայտարություն կորզել ԲՀԿ-ից, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- հայտարարեց ՍԴՀԿ ատենապետն ու շարունակեց. «Ինչպես ասում են, Համբոյի տունը կռիվ է ընկել, բայց կարծում եմ, որ Գիքորը վերջիվերջո մահանալու է»:

Նրա խոսքով,  ՀԱԿ-ը լուրջ վերլուծության է ենթարկում ստեղծված իրավիճակը, իսկ նոյեմբերի 25-ի հանրահավաքին ընդդիմության քայլերն ավելի տեսանելի կլինեն։