Ուսանողներին անվանական կրթաթոշակներ նշանակելու համար ԲՀԿ-ն չի դիմել բուհերին, բուհերին դիմել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Այդ մասին այսօր` նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով որոշ բուհերի ռեկտորների կողմից անվանական կրթաթոշակներ նշանակելու Գագիկ Ծառուկյանի առաջարկի մերժումը:

«Դրանք վստահաբար տարբեր կազմակերպա-իրավական ձեւեր եւ ֆունկցիաներ ունեցող կառույցներ են: Անվանական թոշակներ բուհերում կարող են տրամադրվել պետական կառավարման լիազոր մարմնի թույլտվությամբ (տվյալ դեպքում` կրթության եւ գիտության նախարարության-խմբ): Մեզ հետ ոչ-ոք բանակցային առաջարկություն չի արել»,- ասաց Ա. Աշոտյանը: Նրա խոսքով` մերժելով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին` պետական բուհերի ռեկտորներն իրենց պահել են որպես պետության ներկայացուցիչ, որը քաղաքական շահարկումների տեղիք չպետք է տա:

Աշոտյանն ասաց նաեւ, որ բազմիցս դիմել է հայ գործարարներին եւ բարերարներին` կրթության մեջ գումարներ ներդնել, ու որոշ խոշոր ընկերություններ արդեն իսկ անում են դա («Սինոփսիս», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, «Վիվասել»):