Եթե Սահակաշվիլին վստահ է, որ հրաժարականի դեպքում կվերընտրվի եւ ժամանակին գնաց այդ քայլին, ապա Սերժ Սարգսյանը դրանում վստահ չէ, հետեւաբար չի գնա արտահերթ ընտրությունների։ Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա կանխատեսմամբ, Սերժ Սարգսյանը կփորձի խորհրդարանական ընտրություներ անցկացնել ու ԲՀԿ-ից վստահություն կորզել, որ նախագահական ընտրություններում կպաշտպանի իր թեկնածությունը:

Լրագրողի հարցին, թե արտահերթ ընտրությունների մասին նման ինքնավստահությամբ խոսել, արդյոք, նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ համաձայնություն կա, Լյուդմիլա Սարգսյանը հերքեց նման հավանականությունը:

Ինչ վերաբերում է փաստին, որ Իջեւանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ականները պաշտպանել են ԲՀԿ-ի թեկնածուին, ով էլ հաղթել է, ՍՀԴԿ ատենապետն արձագանքեց. «ՀԱԿ-ը նման որոշում չի ունեցել: Այստեղ խնդիրը վատի եւ վատագույնի մասին է։ Հիշո՞ւմ եք իջեւանի քաղաքապետը որքան ժամանակ է, որ պաշտոնավարում է: Քաղաքը  փոփոխություններ էր ուզում, հետեւաբար զուտ փոփոխության իմաստով, հնարավոր է, ՀԱԿ-ի առանձին անդամներ ինքնակամ սատարել են ԲՀԿ-ի թեկնածուին: Դա արդեն իրենց ներքին որոշումն է եւ չունենալով  այլընտրանք չարյաց փոքրագույնն են ընտրել»։