«Գալիքի» դեպքը ցնցող էր իր հանդգնությամբ, այսօր` նոյեմբերի 17-ին, նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի հրամանով «Գալիք» համալսարանը պետք է կասեցներ մի շարք մասնագիտությունների («Իրավագիտություն»` հեռակա, «Կառավարում», «Օտար լեզու եւ գրականություն») գծով կրթական գործընթացը: Սակայն համալսարանը ոչ միայն չի կատարել նախարարի հրամանը, այլեւ շարունակել է ուսանողներից գումար վերցնել եւ քննություններ կազմակերպել:

«51 երեխայի ճակատագրի հետ պատրաստ են խաղալ, ինչ է թե նրանցից գանձեն ուսման վարձը, հետո էլ դիպլոմի փող հավաքեն»,- ասաց Ա. Աշոտյանը: Նա խոստացավ դատական գործընթաց սկսելու դեպքում անձամբ ներկայանալ դատարան ու մի քանի այլ փաստեր նույնպես հրապարակել: «Սա արդեն ոչ կրթական, կամ ոչ իրավական խնդիր է` սա բարոյական խնդիր է` ուրիշի երեխայի հետ այդպես խաղալ, ես ուղղակի սարսափում եմ»,- ավելացրեց ԿԳ նախարարը:

Նրա խոսքով` սա նաեւ ուսանողների մեղքն է, որ չհավատացին նախարարին, այլ հավատացին «ինչ-որ դեկանատի աշխատողի»: