Ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին, Երեւանում կազմակերպվել է «Երաժշտությունն անիվների վրա» միջոցառումը: Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի փողային նվագախումբը, վոկալ երգչախումբը եւ մենակատարները Երեւանի քաղաքապետարանի «Սիթի տուրի» ավտոբուսով շրջել են պետական եւ ոչ պետական բուհերով՝ իրենց կատարումներով շնորհավորելով ուսանողներին միջազգային օրվա առթիվ։
Նշենք, որ Ուսանողության միջազգային օրվա առթիվ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած միջոցառումների շարքը կշարունակվի այսօր՝ ժամը 19.00-ին։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հրավիրված տոնական համերգի ընթացքում կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ (մենակատար՝ Նիկոլայ Մադոյան, խմբավար՝ Սերգեյ Սմբատյան)։



























