ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ մասնագետը, մայիսի 10-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՄԻՊ գրասենյակից:

«Լեո Նիկոլյանը զրույցի ընթացքում բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների, այդ թվում՝ ոստիկանության, բժշկական ծառայության ներկայացուցիչների հետ: Պաշտպանի ներկայացուցիչները իրավասու մարմինների կողմից տեղեկացվել են, որ Լեո Նիկոլյանին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Լեո Նիկոլյանը ևս հաստատել է այդ հանգամանքը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ պաշտպանի իրավասության շրջանակներում արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից:

Ըստ հաղորդագրության` խնդիրը գտնվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո Նիկոլյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը Լեո Նիկոլյանին հորդորել էր դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար։

Նիկոլյանը հայտարարել է, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։