Թերթը գրում է, որ նոյեմբերի լույս 16-ի գիշերը Բաքու-Աստարա մայրուղու 46-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ծանր ճանապարհատրանսպորտային պատահար, որին զոհ են գնացել Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության բաժնի պետ Էլխան Ջամալգանովը եւ մի անձնավորություն, որի ինքնությունը չի պարզվել: Ըստ պաշտոնական վարկածի, ծառայողական Hundai Sonata մեքենան «բախվել է արգելանքի, որի հետեւանքով տեղի է ունեցել հրդեհաբռնկում»:
Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Էլնուր Քալանթարլին ասել է, որ Էլխան Ջամալգանովը եւ Վուգար անունով կապալառուն, որ նախարարության պատվերով «տներ էր կառուցում ղարաբաղյան պատերազմի զոհերի եւ հաշմանդամների ընտանիքների համար, գնում էին վերահսկելու շինարարության ընթացքը»:
Այս տեղեկատվությունը թերեւս ուշադրություն չգրավեր, եթե ճանապարհային ոստիկանությունը նույն աղբյուրին հայտնած չլիներ, որ Ջամալգանովը եւ Վուգար անունով կապալառուն «կենդանի այրվել են վթարված մեքենայում», ինչպես նաեւ արտառոց չթվար, որ պաշտոնյան փաստորեն գիշերային ժամին ճամփորդելիս է եղել առանց վարորդի: Երրորդ անձի մասին, համենայն դեպս, ոչինչ չի ասվում: Իսկ քանի որ վթարված մեքենան պատկանում էր աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությանը, կարելի է ենթադրել, որ Ջամալգանովը վարելիս է եղել անձամբ` ուղեկից ունենալով շինարարության կապալառուին:
Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական ընդդիմադիր մամուլը գրել է «սոցիալական շինարարությունում» աղաղակող հափշտակումների եւ կոռուպցիայի մասին: Իսկ Ջամալգանովը, ինչպես ասել է նախարարության խոսնակը, գլխավորում էր շինարարության բաժինը: Նկատի ունենալով, որ վթարից հետո մեքենայում հրդեհ է բռնկվել, եւ մարդիկ «կենդանի այրվել են անճանաչելիության աստիճանի», չպետք է բացառել, որ պատահարը կապ ունի Ջամալգանովի պաշտոնական գործունեության հետ: Մանավանդ, ինչպես հաղորդել են ոստիկանությունից, «փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, հետաքննություն է սկսվել»:




























