Ընտրությունները մեր իրականության մեջ դառնում են ծանր եւ ցավագին փորձություն, քանզի իշխանություններն անցած 20 տարիների ընթացքում իրենց առջեւ խնդիր են դրել պահպանել եւ ընդլայնել իրենց դիրքերը։ Այս մասին, այսօր` նոյեմբերի 18-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ներկա նախընտրական իրավիճակը որեւէ հույս չի ներշնչում, որ ամեն գնով իշխանությունը պահպանելու եւ ընդլայնելու ցանկությունը կհաղթահարվի իշխանությունների կողմից։

Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ հասարակությունը ՀՀԿ-ի նիստերին այնպես է արձագանքում, ինչպես արձագանքում էին  Կոմկուսի պլենումի կամ բյուրոյի նիստերին։ «Իսկ նման կերպ մենք նմանվում ենք միակուսակցական համակարգ ունեցող պետության»,- ասաց նա:

Քաղաքագետների միության ղեկավարի համոզմամբ, ՀՀԿ-ն չի կարող իր դիրքերն առանց ընտրակեղծիքների պահպանել։ «Իշխող կուսակցությունը թամբել է պետական մեքենան եւ ծառայեցնում է իր շահերին»,- ասաց նա ու որպես իշխող կուսակցության «ցինիզմի» ապացույց նշեց. «Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ-ում բրիֆինգ էր անցկացնում եւ ասում, թե տեսեք ինչ ռեկտորներ ունենք, որ չեն օգտվել ԲՀԿ-ի` ուսանողների վարձերին ուղղված բարեգործական ծրագրերից։ Սա նշանակում է, որ իրենք «ատկատի» խնդիր ունեն։ Իր բաժինն է ուզում»:

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, նա նարծիք հայտնեց, որ ՀԱԿ-ը պատրաստ չէ խորհրդարանական ընտրություններին: «Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է նախագահական ընտրություններին, դրա համար ցանկանում է, որ շաբաթն ուրբաթից շուտ գա»,- նկատեց Հմայակ Հովհաննիսյանը, հավելելով. «ՀԱԿ-ը կհասնի իր նպատակին եւ հանրապետությունում կանցկացվեն արտահերթ ընտրություններ: Մեզանում  կանցկացվեն նախագահական ընտրություններ խորհրդարանական ընտրությունների տեսքով կամ նախագահական ընտրությունների առաջին փուլ»: