«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը, որին նոյեմբերի 17-ին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար, ամենայն հավանականությամբ վերաքննիչ բողոք կներկայացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

«Հավանաբար վերաքննիչ բողոք  կներկայացնենք: Բողոքարկման մեկամսյա ժամկետ կա: Դատավճիռը կուսումնասիրենք, նոր պաշտպանյալիս հետ խորհրդակցելուց հետո կորոշենք»,- նշեց փաստաբանը:

Հարցին, թե Սերոբ Տեր-Պողոսյանը հակվա՞ծ է բողոքարկել դատավճիռը, փաստաբանն ավելացեց. «Դե երեկ է վճիռը եղել: Դեռ պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում: Դատավճիռն ազնիվ  չէ եւ այդ հիմքով  համոզված եմ, որ բողոք պետք է ներկայացվի: Բայց կարող է իմ պաշտպանյալն ասի, որ չի ցանկանում»:

Նշենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է: