Պայթուցիկ նյութերի դեֆիցիտը ԵՄ-ի համար դժվարացրել է Ուկրաինային օգնելը։ Այս մասին տեղեկացրել է The Economist ամսագիրը՝ հղում կատարելով հարցման ենթարկված փորձագետներին։
Պարբերականի տեղեկացմամբ՝ սառը պատերազմի ավարտից հետո պայթուցիկ նյութերի եվրոպական շատ արտադրողներ ստիպված էին կամ կրճատել իրենց արտադրությունը, կամ լրիվ փակել իրենց ձեռնարկությունները՝ պահանջարկի կտրուկ անկման պատճառով։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիան պայթուցիկ նյութերի արտադրության իր վերջին գործարանը փակեց 2008թ.։ Այլ երկրներում պետական շատ ձեռնարկություններ կամ մասնավորեցվեցին, կամ սառեցվեցին։ Ներկայում ԵՄ-ում տրոտիլի արտադրության վեջին ամենամեծ գործարանը գտնվում է Լեհաստանի հյուսիսում։
Ամսագիրը նշել է, որ ներկա պահին միայն մի քանի ընկերություններ են արտադրում նյութեր, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ չափորոշիչներին՝ հրետանային լիցքերի եւ հրթիռների համար։ Դրանցից մեկը նորվեգական Chemring Nobel ընկերությունն է, որը մասնագիտացված գործարան ունի Օսլոյից 45 կիլոմետր հարավ։ Մյուս նման ընկերությունը ֆրանսիական Eurenco-ն է, որը ձեռնարկություն ունի Կառլսկուգա քաղաքում։ Երկու ընկերությունների պատվերներն ավելացել են Ուկրաինայում ռուսական ներխուժումից հետո։
Մի կողմից՝ նշում է The Economist-ը, տարբեր ընկերությունները ներդրումներ են կատարում արտադրական հզորությունների ընդլայնման համար՝ հաշվի առնելով ԵՄ սուբսիդիաները։ Սակայն զրոյից գործարան կառուցելը կարող է 3-7 տարի տեւել, նշել է պարբերականի փորձագետներից մեկը։ Որպես օրինակ ամսագիրը ուշադրություն է հրավիրել Rheinmetall գերմանական կոնցեռնի վրա, որը պայթուցիկ նյութեր է արտադրում Հունգարիայում եւ աշխատանքն սկսելու է միայն 2027թ.։





























