Ուկրաինայի Զինված ուժերը մարտադաշտում այլեւս չեն կիրառում արեւմտյան գերճշգրիտ զենքի որոշ տեսակներ այն պատճառով, որ դրանք արդյունավետ չեն, գրել է The New York Times-ը՝ հղում կատարելով ուկրաինական հրամանատարության երկու գաղտնի փաստաթղթերին եւ հարցման ենթարկված զինվորականներին։

Փաստաթղթերում ասվում է, որ ռուսական բանակը իր պաշտպանությունը «հարմարեցրել» է նոր տեսակի սպառազինություններին եւ սովորել նվազեցնել դրանց ճշգրտությունը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգնությամբ։ Որպես օրինակ բերվել է 155 միլիմետրանոց Excalibur կառավարվող հրետանային արկը, ինչպես նաեւ փոքր տրամաչափի ցամաքային ռումբը (GLSDB)։ Մինչ այդ ուկրաինացի զինվորականները նաեւ դժգոհել էին JDAM զինամթերքի եւ HIMARS-ների արկերի հետ կապված։

Ուկրաինայի ԶՈւ հրետանային հաշվարկների երկու հրամանատար NYT-ի հետ զրույցում հաստատել է, որ ստիպված են եղել դադարեցնել այդ արկերի օգտագործումը։ Նրանց խոսքով՝ մատակարարված արեւմտյան զենքի մի մասը «շարքից դուրս է եկել մարդկային կյանքերի գնով»։

ԱՄՆ-ը «հիանալի հասկանում է» ՌԷՊ ոլորոտւմ Ռուսաստանի ունեցած հնարավորությունները, նշել է NYT աղբյուրը Պենտագոնում։ Նրա խոսքով՝ ամերիկյան ռազմական գերատեսչությունը սերտորեն համագործակցում է Կիեւի հետ եւ «օգնում Ուկրաինային արդյունավետ մնալ շատ բարդ միջավայրում»։

Ռուսական ՌԷՊ-ը, ըստ երեւույթին, սովորել է խլացնել GPS ազդանշանները, որը ծրագրային ապահովմամբ կառավարում է գերճշգրիտ զենքի ուղղորդումը, ասել է Լոնդոնի Միավորված պաշտպանական ծառայությունների թագավորական ինստիտուտի (RUSI) կրտսեր գիտաշխատող Թոմաս Վիթինգտոնը։

Ռուսաստանի գերազանցության մասին ռադիոէլեկտրոնային պայքարում մինչ այդ տեղեկացրել էր Ուկրաինայի ռազմաօդային ուժերի նախկին խոսնակ Յուրի Իգնատը։ NYT տվյալներով՝ ռուսական ՌԷՊ միջոցներն այսօրվա դրությամբ կարող են խլացնել ուկրաինական ազդանշանները եւ գործել դրանց հաճախականություններում։