Մեր տնտեսության պայծառ ապագայի վերաբերյալ ակնարկները հաճախ ուղեկցվում են  արտաքին առեւտրում բացասական հաշվեկշիռը կրճատելու եւ այլ խոստումներով, որոնք քաղաքացիներին մատուցվում են արդեն երկու տասնամյակ:

Այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  արտահանման աճի տեմպը նկատելիորեն գերազանցել է ներմուծման ցուցանիշը` 139,0%` 111,0%-ի դիմաց: Սակայն արտաքին առեւտրում բացասական հաշվեկշիռը մնացել է գրեթե նախկին մակարդակին` 2,0 մլրդ դոլար:

Մեզանում շատ է խոսվում արտահանման դիվերսիֆիկացիայի մասին: Իսկ ներմուծումը, իհարկե, ավելի լավ է նվազեցված տեսնել եւ ավելի քիչ ապրանքներ ներկրել:  Սակայն, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով ներմուծման ծավալն ավելի մեծ է :

Համաձայն մաքսային ծառայության տվյալների` ներմուծման մեջ առաջին տեղում է «բնական եւ հեղուկ գազ» ապարանքախումբը, որի տեսակարար կշիռը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 13,6%:

Մյուս էներգակիրը` «նավթամթերք» խմբից, ծավալով փոքր-ինչ զիջում է` կազմելով  13,2%: Այսպիսով, երկու էներգակիրները ապահովում են մեր ներմուծման մեկ քառորդ մասից ավելին:

Վիճակագրությունը մեկ այլ հետաքրքիր ասպեկտ ունի շարքային քաղաքացիների համար: Այդ տեղեկատվության հիման վրա կարելի է  հեշտությամբ  հաշվարկել մի շարք սպառողական ապրանքների մաքսային արժեքը եւ այն համեմատել դրանց  մանրածախ  գների հետ:  Ահա այստեղ է, որ բախվում ենք զարմանալի մետամորֆոզների:

Այսպիսով, շաքարավազի գինը մաքսային սահմանին կազմում է  կիլոգրամի դիմաց 183,7 դրամ: Մաքսային սահմանից  հասնելով մանրածախ առեւտրի ցանց` շաքարավազի գինն ավելանում է 208,2 դրամով կամ ավելի քան 2,1 անգամ:

Հաշվարկը ցույց է տալիս, որ մաքսային նման արժեքի դեպքում շաքարավազի մանրածախ գինը չպետք է անցներ  265 դրամը` փաստացի միջին 391,9 դրամի փոխարեն: Այսպիսով,  կիլոգրամի մեջ 127 դրամը «յուղալի պատառն է»:

Հունվար-սեպտեմբերին ներկրված շաքարավազի խմբաքանակը կազմում է  մոտ 61 հազ. տոննա, իսկ մատնանշված «յուղալի պատառը»` գերազանցում է 7,7 մլրդ դրամը կամ  21 մլն դոլարը:

Նունպիսի անհամամասնություններ կան նաեւ այլ սպառողական ապրանքների գներում: Օրինակ, սուրճի մաքսային արժեքը  կիլոգրամի համար կազմում է  մոտ 918 դրամ, իսկ ահա մանրածախ  գինը գրեթե  3,3 անգամ ավելի` 2991 դրամ:

Սուրճի սպառումը Հայաստանում թեեւ մեծ է, սակայն այն առաջին անհրաժեշտության սննադմթերք չէ, ինչպես օրինակ բուսական յուղը: Հունվար-սեպտեմբերին բուսական յուղի մաքսային արժեքը կազմել է  լիտրի դիմաց 438 դրամ, իսկ մանրածախ արժեքը 3,2 անգամ ավելի` 1402,7 դրամ:  Հասկանելի է, որ նման ուռճացված գներն առաջին հերթին հարվածում են  բնակչության անապահով շերտերի գրպանին:

Նման մետամորֆոզներից  առավել «հետաքրքիրը» կարելի է համարել  բնական գազի մաքսային արժեքի վերածումը բնակիչների համար գերբարձր սակագնի:  Այդ մասին շատ է ասվել անկախ փորձագետների կողմից, սակայն քննադատությունից  ոչ մի օգուտ չի եղել:  Ժամանակին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնել է  մենաշնորհային ընկերության ներկայիս  սակագնին եւ այն նազեցնելու մասով վերանայել չի պատրաստվում:

 

Ալբերտ Խաչատրյան