Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները երեքշաբթի Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինայի ռազմական աջակցությունը ԵՄ-ի կողմից, որին կմասնակցի ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը կներկայացնի թարմացված տեղեկություն ճակատի իրադարձությունների եւ Ուկրաինայի ներկա կարիքների մասին, տեղեկացրել է «Европейская правда»-ն։

Հանդիպումը տեղի կունենա Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։

Նախօրեին Բորելը Հունգարիային մեղադրել էր Ուկրաինային 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցությունն արգելակելու համար։

ԵՄ արտաքին գործերի նախարարերի խորհրդի հանդիպման արդյունքների հիման վրա կայացած մամուլի ասուլիսում Բորելը նշել էր, որ, համաձայն Բուդապեշտի պնդման, հունգարական մուծումները Խաղաղության եվրոպական ֆոնդին չեն օգտագործվի Կիեւի ռազմական աջակցության համար, «ոչ միայն մահասփյուռ զենքի, այլեւ Ուկրաինայի ռազմական ցանկացած աջակցության համար»,- տեղեկացրել է «РБК-Украина»-ն։ Ֆոնդի ռեսուրսների օգտագործման համար որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսի սկզբունքով, եւ ԵՄ անդամ առանձին երկրներ կարող են արգելել ֆինանսավորումը։

Բորելը նշել է, որ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար պետք է ընդունվեն յոթ իրավական ակտեր։ Սակայն Հունգարիան անհամաձայնություն է հայտնել  փաստաթղթերի տեքստերին, ուստի դրանք դեռ դիտարկման փուլում են։

«Այդ յոթ իրավական տեքստերը թույլ կտան ռեսուրսներ հավաքագրել Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Բոլորն ասում են, որ մենք չենք կատարում մեր պարտավորությունները, ժամանակին չենք անում դա։ Ես յոթ իրավական փաստաթղթեր ունեմ, որոնք սպասում են ընդունման՝ մոտ 5 մլրդ եվրո հավաքագրելու համար։ Այդ ձգձգումը կարող է չափվել մարդկային կյանքերով։ Դա ֆինանսական խնդիր չէ, դա մարդկային կյանքի խնդիր է»,- ասել է Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հիշեցրե լ է, որ Եվրամիության ղեկավարները դեռ մարտին հավանություն էին տվել Ուկրաինայի օգնության ֆոնդի ստեղծմանը Խաղաղության եվրոպական ֆոնդի շրջանակում՝ 5 մլրդ եվրոյի չափով, բայց մինչ այժմ այն չի գործում։