Բելգիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան եւ Սլովենիան առաջիկայում կարող են ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

«Սլովենիա՝ սպասում ենք առաջիկա օրերին։ Մենք սպասում ենք ճանաչում Լյուքսեմբուրգի կողմից։ Սպասում ենք, որ կճանաչեն Բելգիան, Պորտուգալիան։ Եվրոպացիներն սկսել են հասկանալ, որ ինչ-որ բան չի ստացվում։ Ինչո՞ւ է Իսրայելն անում նույնը, ինչ եղավ Երկրորդ համաշխարհայինից հետո, հոլոքոսթ եւ այդ ամենը։ Ինչո՞ւ են նրանք այդպես անում։ Եվ այս հարցն սկսել են տալ Եվրոպայում»,- ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ անգամ ԱՄՆ համալսարաններում «սկսել են մեղադրել Իսրայելին»։ «Անգամ Իսրայելի ներսում մեծ խնդիր կա։ Որովհետեւ պատերազմի ութերորդ ամիսն է, եւ ոչ ոք չի կարողանում կանգնեցնել Իսրայելին։ Ինչպե՞ս կարող է այդպես լինել։ Նրանք ավելի քան 500 հազար իսրայելցի ունեն կրկնակի քաղաքացիությամբ։ Նրանք արդեն հեռացել են երկրից։ Սովոր չեն նման պատերազմի»,- ավելացրել է Նոֆալը։

Մինչ այդ Իռլանդիայի, Իսպանիայի եւ Նորվեգիայի իշխանություններն էին հայտնել  Պաղեստինի պետականության ճանաչման մասին։ Ի պատասխան՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտնել է դեսպաններին Դուբլինից, Մադրիդից եւ Օսլոյից հետ կանչելու մասին՝ խորհրդակցությունների համար։ Իսրայելում Իռլանդիայի, Իսպանիայի եւ Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները միաժամանակ կանչվել են հրեական պետության ԱԳՆ, որտեղ նրանց դեմարշ է հայտնվել։