Թաիլանդի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նախկին վարչապետ Թաքսին Չինավաթին միապետությանը վիրավորելու հոդվածով, որը նախատեսում է 3-15 տարվա բանտարկություն։ Այս մասին տեղեկացրել է Thai PBS հեռուստաալիքը։
Ինչպես սպասվում է, գործը դատարան է հանձնվելու հունիսի 18-ին, քանի որ Չինավաթը խնդրել է քննությունը հետաձգել՝ կապված COVID-19-ով վարակվելու հետ։
Մեղադրանքի կողմը կարծում է, որ Չինավաթը վարկաբեկել է միապետությունը մեկնաբանություններում, որոնք արել է Սեուլում 2015թ. մայիսին։ Այդ ժամանակ «Չոսոն իլբո» թերթի հարցազրույցում նա հայտնել էր, որ Գաղտնի խորհրդի (Թաիլանդի թագավորի խորհրդակցական մարմին) անդամները պաշտպանել են 2014թ. մայիսի 22-ի պետական հեղաշրջումը, որի հետեւանքով տապալվել է կառավարությունը նրա կրտսեր քրոջ՝ Յինգլակ Չինավաթի գլխավորությամբ։
74-ամյա Թաքսին Չինավաթը 2023թ. օգոստոսի 23-ին վերադարձել է Թաիլանդ 15 տարվա ինքնակամ վտարանդիությունից հետո։ Օդանավակայանից նրան տարել են գերագույն դատարան, որն ուժի մեջ է թողել մի քանի դատավճիռներ, ընդհանուր բանտարկության ժամկետը կազմել է ութ տարի։ Փետրվարի 18-ին Չինավաթը դուրս է եկել բանտից՝ պայմանական վաղաժամ ազատման իրավունք ստանալով։
Չինավաթը Թաիլանդի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2001-2006թթ.։ Երբ նա ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում էր, զինվորականների խումբը՝ ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար Սոնթհի Բունյարաթգլինի հրամանատարությամբ, հեղաշրջում կատարեց։ Չինավաթը ստիպված էր մնալ արտասահմանում։



























