Սպիտակ տունը հաստատել է, որ Միացյալ Նահանգները մասնակցելու է Շվեյցարիայում ծրագրված Խաղաղության գագաթնաժողովին, ինչպես նաև պատասխանել է նախագահ Ջո Բայդենի հնարավոր մասնակցության մասին հարցին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Նա հաստատել է, որ ԱՄՆ-ն մասնակցելու է միջոցառմանը, բայց միևնույն ժամանակ չի հայտնել, թե կոնկրետ ով է ներկայացնելու ամերիկյան կողմը։
«Ինչպես գիտեք, մենք ակտիվ մասնակցություն ենք ունեցել Ուկրաինայի խաղաղության նախորդ գագաթնաժողովներից յուրաքանչյուրին։ ԱՄՆ կառավարությունը ներգրավված է դրանում։ Եվ մենք ներկայացված կլինենք այս ապագա գագաթնաժողովում»,- նշել է Ժան-Պիերը։
Հարցին, թե արդյոք Բայդենը կմասնակցի գագաթնաժողովին, նա պատասխանել է, որ «ավելի կոնկրետ տեղեկատվություն չունի հայտնելու»:
Ժան Պիերի խոսքով, ինչպես և մինչ այս գագաթնաժողովը, Միացյալ Նահանգների առաջնահերթությունը Ուկրաինայի ջանքերին աջակցելն է։
«Մեզ համար կարևոր է շարունակել համոզվել, որ Ուկրաինան ունի իրեն անհրաժեշտ բոլոր հնարավորությունները պաշտպանելու և արդար և երկարատև խաղաղություն ապահովելու համար», - հավելել է նա։





























