Թմրանյութերի պատճառով մահացությունների թիվը Գերմանիայում վերջին տարիներին զգալիորեն աճել է և 2023 թվականին հասել է ռեկորդային մակարդակի: Դրա մասին հայտնել է գերմանական DPA (Deutsche Presse-Agentur) գործակալուոթյունը:
Գերմանիայի թմրամոլության և թմրամիջոցների հարցերով հանձնակատար Բուրքհարդ Բլայներթը հայտնել է, որ 2023 թվականին անօրինական նյութերի օգտագործման հետևանքով մահացել է 2227 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ 237-ով ավելի է։
Հանձնակատարը նշել է, որ կոկաին և կրեկ օգտագործելու հտևանքով մահացությունների թիվը զգալիորեն աճել է՝ 507-ից հասնելով 610-ի։
Հերոինը շարունակում է մնալ մահացության հետ ամենահաճախ կապակցված թմրանյութը, թեև այդ թմրանյութի հետևանքով մահացությունների թիվը փոքր-ինչ նվազել է՝ 749-ից հասնելով 712-ի: Զգալիորեն աճել է խառը նյութեր ընդունելու պատճառով մահացությունների թիվը: Բլայներթը նշել է, որ 10 տարի առաջվա համեմատ այդ թվերը տագնապալի են. դրանք հիմա արդեն կրկնակի աճել են:
«Ավելի շատ նյութեր են խառնվում, ավելի ուժեղ նյութեր են մշակվում, սպառվում է այն ամենը, ինչ հասանելի է շուկայում։ Մեզ անհրաժեշտ է շատ կանխարգելման հստակ առաջընթաց և սոցիալական աջակցություն տեղերում»,- նշել է պաշտոնյան։
Օրինակ, ըստ նրա՝ Գերմանիան պետք է ավելի շատ հաստատություններ բացի, որտեղ թմրամոլները վերահսկվող պայմաններում կարող են թմրանյութ օգտագործել ավելի նվազ ռիսկային եղանակով: Երկրում ներկայում 31 նման հաստատություն է գործում:


























