Իսրայելը Ֆրանսիային պատասխան չի տվել Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ Փարիզի առաջարկներին, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆ Լեմուանին։
«Լիբանանցիներից համեմատաբար դրական պատասխան ենք ստացել, բայց, ըստ իս, այս պահին Իսրայելից ոչ մի պատասխան չենք ստացել»,- ամենօրյա ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Լեմուանը։ Գրավոր առաջարկն, ըստ նրա՝ առնչվում է նաև երկարաժամկետ սահմանային խնդիրներին և այդ հարցը քննարկվել է գործընկերների, ներառյալ՝ Միացյալ Նահանգների հետ:
Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը վերջին ամիսներին Գազայի պատերազմին զուգահեռ ավելի ու ավելի խոշոր ամենօրյա գրոհներ են իրականացրել Լիբանանի սահմանների վրա՝ ինչը սպառնում է տարածաշրջանային ավելի լայն հակամարտության վերածվել:
Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Փարիզը պատմական կապեր ունի Լիբանանի հետ և երկու կողմերին ներկայացրել է գրավոր առաջարկություններ, ըստ որոնց «Հըզբոլլահ»-ի էլիտար ստորաբաժանումը նահանջելու է Իսրայելի սահմանից 10 կմ հեռավորության վրա, իսկ Իսրայելն իր հերթին դադարեցնելու է հարձակումները հարավային Լիբանանի վրա:
Ապրիլին Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Լիբանան և Իսրայել՝ աջակցելու համար Ֆրանսիայի ջանքերին, իսկ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն այս ամսվա սկզբին այցելել է Փարիզ: Չորեքշաբթի բանակցությունների համար Փարիզ էր ժամանել Լիբանանի արտգործնախարարը:





























